Ի՞նչ պահանջներ են ներկայացվում սննդամթերքի անվտանգությանը, մակնշմանը և փաթեթավորմանը

Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ սննդի շղթայում սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջները:

Հարկ է ընդգծել այն հանգամանքը, որ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը հայերեն լեզվով պարտադիր է։ Սննդամթերքը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը մակնշվում են ընթեռնելի` առնվազն 3 մմ տառաչափով:

Նշենք, որ սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը պետք է ներառի`

1) անվանումը.

2) բաղադրությունը, իսկ կաթի և կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի մշակման ենթարկված լինելու վերաբերյալ: Բաղադրության վերաբերյալ տեղեկատվությունը կարող է չնշվել հետևյալ դեպքերում`

ա. մշակում չանցած թարմ մրգերի (ներառյալ` հատապտուղների) և բանջարեղենի (ներառյալ` կարտոֆիլի),

բ. քացախի, որն ստացվել է պարենային հումքի մեկ տեսակից (առանց այլ բաղադրիչներ ավելացնելու),

գ. սննդամթերքի, որը կազմված է մեկ բաղադրիչից, պայմանով, որ սննդամթերքի անվանմամբ հնարավոր է սահմանել այդ բաղադրիչի առկայությունը,

դ. եթե սննդամթերքի անվտանգության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սննդամթերքի առանձին տեսակների համար այլ պահանջ նախատեսված չէ.

2.1) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան) և դասիչները.

3) ալերգենների ցանկը, որոնք օգտագործվել են սննդամթերքի արտադրության կամ պատրաստման ժամանակ և պարունակվում են վերջնական արտադրանքում, նույնիսկ ձևափոխված տարբերակով.

4) զտաքաշը կամ ծավալը.

5) արտադրման ամսաթիվը.

6) պիտանիության ժամկետը.

7) պահման պայմանները` սահմանված արտադրողի կողմից կամ նախատեսված սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ` սննդամթերքի առանձին տեսակների համար։ Այն սննդամթերքի համար, որի որակն ու անվտանգությունը փոխվում է այն փչանալուց պաշտպանող փաթեթվածքը բացելուց հետո, նշվում են նաև այդ փաթեթվածքը բացելուց հետո պահպանման պայմանները.

8) արտադրողի, ներմուծողի, վերջիններիս ներկայացուցչի անվանումը (անունը), գործունեության (բնակության) հասցեն.

9) սննդամթերքի, այդ թվում` սննդամթերքի պատրաստմանը վերաբերող ցուցումներ և (կամ) սահմանափակումներ, եթե առանց տվյալ ցուցումների կամ սահմանափակումների սննդամթերքի օգտագործումը դժվարանում է կամ կարող է վնաս հասցնել սպառողների առողջությանը, հանգեցնել սննդամթերքի համային հատկությունների նվազմանը կամ կորստին.

10) ծագման երկիրը.

11) սննդային արժեքի ցուցանիշները` հաշվի առնելով սննդամթերքի սննդային արժեքի մակնշմանը ներկայացվող ընդհանուր պահանջները.

12) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը.

13) սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սննդամթերքի առանձին տեսակների համար սահմանված պարտադիր մակնշման այլ տեղեկատվություն.

14) սննդամթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների օգտագործմամբ ստացված բաղադրիչների առկայության մասին տվյալները:

Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը կարող է պարունակել լրացուցիչ տվյալներ, այդ թվում` այն փաստաթղթի մասին, որի համաձայն արտադրվել և կարող է տարբերակվել (նույնականացվել) տվյալ սննդամթերքը, սննդամթերքի համար մտածված անունը, ապրանքային նշանը, ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքներ ունեցողի մասին տվյալները, ծագման վայրի անվանումը, լիցենզիա տրամադրողի անվանումը և գտնվելու վայրը, կամավոր հավաստագրման համակարգերի նշանները։

Արգելվում է շրջանառության մեջ դրված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի տեղեկակրի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:

Արգելվում է պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը և իրացումը` որպես սննդամթերք:

Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մակնշումը պետք է լինի ընթեռնելի, ամբողջական ու հավաստի, որը հնարավոր կդարձնի սննդամթերքի և դրա արտադրողի նույնականացումը:

Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության և շրջանառության բոլոր փուլերում` համաձայն տեխնոլոգիական հրահանգի:

Արգելվում է վնասված փաթեթավորումով և մակնշումով սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի իրացումը:

Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել և Հայաստանի Հանրապետությունում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել սննդամթերք, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութեր, անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը որ լեզվով է կատարված, եթե`

1) պիտանիության ժամկետն անցած է.

2) ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից պակաս, իսկ 120 օրից պակաս պիտանիության ժամկետ ունեցող արտադրանքի դեպքում` 1/4-ից պակաս ժամկետ.

3) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ.

4) ժամկետը կրկնակի մակնշված է կամ բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, և նշված է պիտանիության նոր ժամկետ:

Սույն մասի 2-րդ կետի պահանջը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի վրա:

Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի հայերեն մակնշումը փակցնել արտադրողի նշած բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:

Օրենքով սահմանված` սննդամթերքի մակնշմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ դրույթները չեն տարածվում հանրային սննդի ոլորտում արտադրվող և տեղում իրացվող սննդամթերքի վրա:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:

Կարող եք կարդալ նաև՝

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Արգելվում է ներմուծել

Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություններ մատուցողները կարող են ենթարկվել պատասխանատվության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել