Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրությունը (բացառությամբ հանրային սննդի), տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն տվյալ սննդամթերքի համար արտադրողի հաստատած տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Վերամշակման համար ձեռք բերված պարենային հումքը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերը պետք է բավարարեն իրավական ակտերով սահմանված և արտադրողի սահմանած պահանջները:
Հարկ է նշել, որ սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման ժամանակ սննդամթերքին ավելացվող խմելու ջուրը պետք է համապատասխանի իրավական ակտերով սահմանված խմելու ջրին ներկայացվող պահանջներին:
Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում օգտագործել կամ սննդամթերքի արտադրության և պահման համար նախատեսված տարածքներում պահել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չթույլատրված սննդային հավելումներ:
Սննդամթերքի արտադրության և պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների մաքրման ու ախտահանման, ինչպես նաև միջատների և կրծողների դեմ օգտագործվող պայքարի միջոցները, սարքերը և նյութերը չպետք է աղտոտեն սննդամթերքը կամ փոփոխեն դրա հատկությունները և դրանով վտանգեն մարդու առողջությունը:
Սննդամթերքի արտադրությունը, փոխադրումը, պահպանումը և իրացումը կատարվում են իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
Սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով ներդրվում է պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի (այսուհետ՝ՎՎՀԿԿ) ինքնահսկման համակարգ:
Պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով լիազոր մարմինը, ըստ արտադրության ոլորտների, իրականացնում է մեթոդական ձեռնարկների թողարկում և կազմակերպում է ուսուցում:
Պատշաճ հիգիենիկ ու արտադրական գործելակարգի և ՎՎՀԿԿ համակարգի ներդրման և կիրարկման նպատակով սննդի շղթայի օպերատորն ապահովում է աշխատակիցների ուսուցումը և վերապատրաստումը:
Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:
Կարող եք կարդալ նաև՝
Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը
Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը
Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները