Էլեկտրոնային ծանուցումից մինչև ապօրինի հարստացման քերականացում. Արփինե Հովհաննիսյանն ամփոփում է տարին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ամփոփում է տարին:

Նրա համար ոլորտի կարևոր ձեռքբերումն է 2016թ. ընթացքում երկար տարիներ քննարկված ու վերջապես իրականություն դարձած բարեփոխումը՝ պրոբացիոն ծառայության ոլորտում. «Օրենքով ամրագրվեցին նոր մտածողության հիմքերը: Սեպտեմբերի 1-ից պրոբացիան սկսեց իր աշխատանքը, պրոբացիայի ծառայությունն իրականացնելու է ազատության հետ չկապված պատիժները, ինչպես նաև տնային կալանքը»,- շեշտեց նախարարը՝ տեղեկացնելով, որ ներկայումս կա 2813 դատապարտյալներ, որոնք պրոբացիայի պետական ծառայության շահառուներն են:

Երկրորդ կարևոր քայլը, որը առանձնացրեց նախարարը միասնական գրասենյակների հիմնումն է. «Ձեզնից շատերը առնչված կլինեն տարաբնույթ ծառայությունների հետ, ամուսնության գրացում, երթևեկության համար տեղեկանքներ և այլն, հաճախ մարդիկ ստիպված էին լինում գնալ մի քանի պետական մարմին, մեկ թուղթ ստանալու համար, հիմա այդպես չէ, մենք հնարավորություն ենք տվել, որ մեկ օպերատորից քաղաքացին ստանա փաստաթուղթը: Հեռավոր բնակավայրերում ապրող քաղաքացիները նույնպես այսօր ստիպված չեն լինի այդ թղթերի համար գալ Երևան»,- ընդգծեց նախարարը:

Հաջորդ քայլը քաղաքացու միակ բնակարանի նկատմամբ արգելք չդնելու նախագիծն է, մյուսը՝ ծանուցումների համակարգի կարգավորումը: Նախարարն ասաց, որ շատ հաճախ քաղաքացիները բողոքում են, որ վարչական ակտի մասին տեղեկանում են այն ժամանակ, երբ իրենց գույքի վրա արդեն արգելանք կա դրված, ըստ գերատեսչության ղեկավարի՝ ներկայումս փոխվել է համակարգը, հարկավոր է ընդհամենը բջջային հեռախոսով հավաքել հեռախոսահամար, կատարել մի քանի գործողություններ և համակարգում գրանցվել, որից հետո անձը իր հեռախոսահամարին կստանա ծանուցումներ: Այս ծառայությունը հասանելի կլինի հատկապես հեռավոր բնակավայրերում, որպեսզի քաղաքացու համար դժվար չլինի ծանուցումներ ստանալու պրոցեսը. «Բարդություններ չենք ուզում ստեղծել որևէ ձևով, այս համակարգը պատրաստ է ու կիրառվելու է նաև Ճանապարհային ոստիկանության պարագայում»,- նշեց նախարարը, ներկայումս այն գործում է հարկադիր կատարման ծառայության ոլորտում:

Արփինե Հովհաննիսյանը նաև անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացրած միջոցառումներին, առաջին ձեռքբերումը՝ ապօրինի հարստացման քրեականացումն է, օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հուլիսի 1-ից. «Եթե կլինի անհամապատասխանություն պաշտոնատար անձի գույքի, դրամական միջոցների ու եկամուտների միջև, հնարավոր կլինի հարուցել քրեական գործ և պաշտոնատար անձին հարց ուղել՝ որտեղից նրան այդ եկամուտները»:

Ըստ նախարարի՝ ապօրինի հարստացման քրեականացումը որևէ պարագայում արդյունավետ չի կարող գործել, եթե այն միայն գործի քրեականացման շրջանակներում, ուստի փոփոխություններ են կատարվել Հանրային ծառայությունների մասին օրենքում, պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի համար հանվեց կանխիկով գործարքներ կատարելու հանգամանքը, եթե այդ գործարքը գերազանցում է 2 մլն դրամը, իսկ ո՞վ է ստուգելու, այդ նպատակով հանրապետության նախագահը ստորագրեց կարգադրություն, ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է մշակի Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինը: Այդ մարմինը պետք է մշակվի ու ներկայացվի 2017թ. փետրվար ամսին:

Նախարարը նաև առանձնացրեց Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի ընդունումը՝ շեշտելով, որ այս օրենքի ընդունմանը կողմ էին ոչ միայն ԱԺ պատգամավորներն, այլ հասարակական սեկտորը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել