Sci-Hub «ծովահեն» պորտալի հեղինակ Ալեքսանդրա Էլբակյանը ճանաչվել է «Գիտության ոլորտի տարվա մարդ»

Sci-Hub գիտական հոդվածների «ծովահեն» պորտալի հեղինակ Ալեքսանդրա Էլբակյանը «Nature» ամսագրի վարկածով ընդգրկվել է գիտության ոլորտի տասը ամենաազդեցիկ մարդկանց շարքում։

Ամսագիրը ամեն տարի, կազմում է աշխարհում տեղի ունեցած առավել հետաքրքիր և կարևոր հայտնագործությունների վարկանիշային աղյուսակը և հրապարակում գիտության զարգացման ու մասսայականացման գործում ավանդ ներդրած հեղինակների անունները։

Այս տարի գիտական աշխարհի առաջատարների թվում ընդգրկվել է Ռուսաստանի ոչ այնքան սովորական պատմություն ունեցող ներկայացուցիչ, ռուս-ղազախական կենսաբան Ալեքսանդրա Էլբակյանը։ Նա վարկանաիշային աղյուսակում է ընդգրկվել ոչ թե գիտական նվաճումների, այլ Sci-Hub «ծովահեն» նախագծի շնորհիվ։

Էլբակյանը կայքը ստեղծել է 2011 թվականին, այն բանից հետո, երբ բախվեց բոլոր երիտասարդ գիտնականների համար կարևորագույն խնդրին՝ գիտական հոդվածների հասանելիության համար մեծ գումարներ վճարելու անհրաժեշտությանը։ Ըստ նրա, առաջատար գիտական հանդեսների բաժանորդագրությունը տարեկան մի քանի հարյուր հազար դոլար է կազմում, և հաճախ ոչ միայն ուսանողները, այլև համալսարանները այդ հանդեսներին բաժանորդագրվելու հնարավորություն չունեն։

Այդ ժամանակից ի վեր, ծառայությունը բավականին հայտնի է դարձել․անցյալ տարի կայքից գիտական հոդվածների ներբեռնումը մեկ օրում հատել է մեկ միլիոնի սահմանը։ Էլբակյանի դեմ դատարան է դիմել ԱՄՆ-ն, իսկ Sci-Hub-ը հրատարակիչների պահանջով բազմիցս արգելափակվել է, ինչը սակայն կայքի վերականգնմանը չի խանգարել։

Այսօր, ըստ «Nature» ամսագրի, Sci-Hub-ը օգնում է գիտնականներին ամեն ամիս «օրենքը շրջանցելով» մոտ 40 միլիոն գիտական հրապարակումներ ներբեռնել։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել