Ապօրինի հարստացումը հետևանքային հանցակազմ է. Արփինե Հովհանիսյան

Ազգային ժողովում սկսվեց Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումը:

Նախագիծն ամրագրել է հետևյալ դրույթը.

«Հոդված 310.1. Ապօրինի հարստանալը

  1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, եւ որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

  1. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Արդարադատության նախարարն ասաց, որ ապօրինի հարստացման սուբյեկտ են դիտարկվել հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձիք և նրանց հետ փոխկապակցվածները:

Ըստ նախարարի՝ ապօրինի հարստացման սանկցիան ազատազրկումն է և որոշակի պաշտոններ զբաղեցնելուց զրկումը, այս մասին է վկայում նաև միջազգային փորձը:

Նախարարի կարծիքով՝ այս նախագծում ամենավիճելին՝ ապացուցման բեռի ու անմեղության կանխավարկածի հարաբերակցությունն է. «Տարբեր երկրներ այս հանցակազմը քրեականացրել են և կոնվենցիան էլ ուղորդում է, որ յուրաքանչյուր պետությունւ պետք է ելնի իր իրավական համակարգի առանձնահատկություններից, ՀՀ նոր սահմանադրությամբ կամ 2015թ. փոփոխությամբ ամրագրված է անմեղության կանխավարկածի սկզբունքը, բայց ընդհանրապես՝ նաև Եվրոպական դատարանի պրակտիկան ելնում է նրանից, որ կարող են լինել իրավիճակներ, երբ իրականում ապացուցման բեռը պետք  դրվի ոչ թե համապատասխան մարմնի, այլ իրավասու պաշտոնատար անձի վրա: Ստացվում է հետևյալը վարույթն իրականացնող մարմնի վրա դրվելու է համապատասխան պարտականություն՝ ապացուցելու, որ պաշտոնատար անձն ունի գույքի ավելացում, ընդ որում՝ գույք հասկացությունը խնդրում եմ հասկանալ դրա քաղաքացիաիրական լայն իմաստով կամ ունի պարտավորությունների էական նվազում, որոնք չեն համապատասխանում նրա հայտարարագրված օրինական եկամուտներին»,- նշեց նախարարը՝ շեշտելով, որ այս հանգամանքը անչափ կարևոր է անմեղության կանխավարկածի սկզբունքին համահունչ լինելու համատեքստում:

Նա նաև ասաց, որ պաշտոնատար անձը պարտավոր է ապացուցել, որ ապօրինի հարստացում չկա, սա չի նշանակում, որ նա զրկվում է լռելու իրավունքից: Նախարարը նաև հիշեցրեց, որ հայտարարագիրը սխալ կամ թերի ներկայացնելու դեպքում նախատեսվել է նաև վարչական կամ քրեական պատասխանատվություն. «Այսինքն՝ սկզբունքորեն խուսափելու տեղը փոքր է լինում, երբ կարող է ասել, որ մոռացել էր որևէ օրինական եկամուտ հայտարարագրել»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարի խոսքերով՝ ապօրինի հարստացումը համարվում է հետևանքային հանցակազմ. «Ապօրինի հարստացումը հետևանքային հանցակազմ է, վիճակ հանցակազմ, երբ պաշտոնատար անձը պատասխանատվություն է կրում, ոչ թե կոնկրետ գործողության համար, այլ որևէ չապացուցված գործողության արդյունքում առաջացած վիճակի համար»,- ընդգծեց նախարարը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել