Այսօր ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում նախագահությամբ` Է. Նահապետյանի կայացավ նախնական դատական նիստն ըստ հայցվորներ Խաչատուր և Նարինե Գրիգորյաների` օրենքին հակասող ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին:
Դատարանը` որպես հայցի ապահովում գույքի և դրամական միջոցների վրա արգելանք էր կիրառել: Ըստ էության օրենքին հակասող ակտը` մարզպետարանի կողմից կայացված որոշումն էր, որով բնակարաններ էին հատկացվել շուրջ 50 ընտանիքների, այդ թվում հայցվորների վիճարկվող բնակարանը:
Որպես 3-րդ անձինք ներգրավված էին` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, Ալիսա և Դանիել Դանիելյանները: ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստին, սակայն պատշաճ ծանուցված էր նիստի տեղի և ժամի մասին:
Դատական նիստին ներկա էին հայցվորները և պատասխանող` Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները:
Նախագահող դատավորը, ղեկավարվելով վարչական դատավարության 86-րդ հոդվածով, պարզաբանեց պարզաբանման ենթակա բոլոր հարցերը:
Հայցվորները դատարանում հանդես էին գալիս առանց ներկայացուցչի: Սակայն դատական նիստի ժամանակ հայցվորները չկարողացան պատշաճ ներկայացնել հայցի թե առարկան և թե հիմքը, ուստի միջնորդեցին դատարանին հետաձգել նախնական դատական նիստը, որպեսզի իրենց շահերը պատշաճ պաշտպանելու համար ներգրավեն փաստաբան:
Դատարանը բավարարեց հայցվորների միջնորդությունը և նախնական դատական նիստն հետաձգեց մեկ այլ հերթի` թույլ տալով հայցվորներին օգտվել իրենց սահմանադրական իրավունքից:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net