ՀՀ Տնտեսական զարգաման և ներդրումների նախարարության Մտավոր սեփականության գործակալությունն արձագանքել է Իրավաբան.net կայքի՝ «2 միլիոն դրամ՝ 1 հատ օդորակչի դիմաց» վերտառությամբ հրապարկման: Պարզաբանման մեջ ասվում է.
«Տեղեկացնում ենք Ձեզ, որ 1940780 դրամով ձեռք է բերվել ոչ թե 1, այլ 2 օդորակիչ:
MITSUBISHI ELECTRIC MS-GF80VA/MU-GF80VA թվով 2 oդորակիչը նախատեսված է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործակալության սերվերային սենյակների համար:
Օդորակիչների ձեռքբերումը նախատեսված էր 2016թ. ապրիլի 28-ի ՀՀ Կառավարության որոշմամբ (ընդհանուր նախահաշվային գինը՝ 3000000 դրամ): 2016թ. հուլիսի 12-ին հայտարարվել է մրցույթը, որը չի կայացել: Մրցույթը վերահայտարարվել է 2016թ. հուլիսի 25-ին, որի արդյուքում կնքված պայմանագիրը լուծվել է: 28.10.2016թ. մրցույթը վերահայտարարվել է, արդյունքում 18.11.2016թ. կնքվել է պայմանագիր, համաձայն որի ձեռք է բերվել թվով 2 օդորակիչ՝ յուրաքանչյուրը 970390 դրամ արժողությամբ, պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 1940780 դրամ:
Մտավոր սեփականության գործակալության սերվերների սենյակներում առկա են 18 սերվերներ և 9 ավտոմատ սնուցման և այլ անհրաժեշտ սարքեր, որոնք արտադրում են մեծ քանակությամբ ջերմություն: Սերվերները բավականին թանկ են (շուրջ 100 մլն դրամ) և դրանց անխափան աշխատանքն ապահովելու նպատակով անհրաժեշտ են մեծ հնարավորություններով օդորակիչներ, որոնք պետք է աշխատեն անընդհատ ռեժիմով` 24 ժամ, շաբաթը 7 օր: Դրանց հզորությունը առնվազն 20 տոկոսով պետք է ավել լինի առկա սարքերի հզորությունից, որպեսզի ապահովվի համապատասխան աշխատանքային միջավայր (+18-ից +24 աստիճան ջերմություն):
Շուրջ 15 տարվա փորձը ցույց է տվել, որ ոչ բարձր հատկություններով նախկինում տեղադրված օդորակիչները տաք և սառը եղանակային պայմաններում չեն կարողացել ապահովել սենյակում պահանջվող կայուն ջերմաստիճանը և շատ արագ շարքից դուրս են եկել, ինչը հանգեցրել է սերվերների որոշ մասերի խափանմանը և լրացուցիչ ծախսերի: Այդ իսկ պատճառով ընտրվել է վերը նշված oդորակիչը:
Նախատեսված օդորակիչը պետք է լրակազմում ընդգրկի Կոնդեսացման ճնշման կարգավորիչը և Ռոտացիայի և ռեզերվացիայի համակարգը: Առաջինը ապահովում է դրսում տաք և սառը ջերմաստիճանների ժամանակ անխափան աշխատանք, իսկ երկրորդը նախատեսված է երկու օդորակիչների հերթափոխով աշխատանքի համար:
Հարկ ենք համարում նշել, որ այդ հնարավորությունները չեն ապահովում հասարակ կենցաղային օդորակիչները, ինչի վկայությունն են նախկինում ձեռք բերված և խափանված օդորակիչները: Այդ իսկ պատճառով ընտրվել է MITSUBISHI ELECTRIC MS-GF80VA/MU-GF80VA oդորակիչը, որը կարող է ապահովել սերվերային սենյակում առկա սարքավորումների անխափան աշխատանքը»,- նշվում է պարզաբանման մեջ, որի վերաբերյալ Իրավաբան.net-ը հանդես կգանք համապաստխան մեկնաբանությամբ: