Որո՞նք են Սահմանադրական դատարանի պահանջները

Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ նաև սահմանադրական դատարանի կողմից որպես տվյալ գործով զեկուցող նշանակված սահմանադրական դատարանի անդամը (անդամները) սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու է (են) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, եզրակացություններ և այլ նյութեր, հանձնարարելու կատարել ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձաքննություններ, հետազոտություններ, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` պահանջելու նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր:

Սահմանադրական դատարանի և զեկուցողի պահանջները և հանձնարարականները (այսուհետ` պահանջ) պետք է կատարվեն սահմանադրական դատարանի կամ զեկուցողի սահմանած ժամկետում:

Եթե այդ ժամկետում սահմանադրական դատարանի կամ զեկուցողի պահանջների կատարումն անհնարին է, ապա պահանջի հասցեատերը պարտավոր է պահանջի կատարման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք օր առաջ սահմանադրական դատարանին կամ զեկուցողին գրավոր իրազեկել ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին: Սահմանադրական դատարանը և զեկուցողը կարող են երկարաձգել պահանջի կատարման ժամկետը կամ պահանջները վերահասցեագրել մեկ այլ մարմնի (անձի): Հակառակ դեպքում ուժի մեջ է մնում սահմանադրական դատարանի կամ զեկուցողի արդեն իսկ սահմանած ժամկետը:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանադրական դատարանի պահանջները չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու, դրանց կատարումից խուսափելու կամ կատարման ժամկետները խախտելու դեպքում սահմանադրական դատարանն այդ մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ կարող է նշանակել օրենքով սահմանված պատասխանատվության միջոց:

Պատասխանատվության միջոցի նշանակումը չի ազատում սահմանադրական դատարանի պահանջների կատարումից:

Սույն մասում նշված գործողությունների կամ անգործության համար ֆիզիկական անձինք կամ իրավաբանական անձի ղեկավարը կարող են տուգանվել` օրենքով սահմանված չափով:

Պատասխանատվության միջոց նշանակվելուց հետո սահմանադրական դատարանի պահանջները վերստին չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ դրանց կատարումից խուսափելը կամ կատարման ժամկետները խախտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել