Կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 13-ի ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ N 1047-Ն որոշման համաձայն՝
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17.1-ին հոդվածի 8-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2016 թվականի հոկտեմբերի 13-ի
N 1047-Ն որոշման
ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են հետևյալ երեք մակարդակում`
1) դպրոցական մակարդակ` մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.
2) տարածքային մակարդակ` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.
3) հանրապետական մակարդակ` հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից:
2. Դպրոցական մակարդակում տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության հետևյալ ծառայությունները`
1) երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առաջնային գնահատում ուսումնառության գործընթացում` միջամտությունների և կանխարգելիչ մանկավարժահոգեբանական միջոցառումների միջոցով.
2) աջակցություն սովորողներին և ծնողներին` ուսման մեջ, առօրյա հարաբերություններում և արտակարգ իրավիճակներում հանդիպող արգելքների ու դժվարությունների հաղթահարման գործընթացում.
3) աջակցություն մանկավարժական աշխատողներին` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների անհատական ուսուցման պլանների մշակման և իրականացման գործում.
4) սովորողների կրթության առաջընթացի դիտարկում, առաջադիմությանը նպաստող կամ խոչընդոտող գործոնների բացահայտում, մանկավարժահոգեբանական վերլուծությունների արդյունքում երաշխավորությունների մշակում` մանկավարժների և ծնողների համար:
3. Տարածքային մակարդակում տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության հետևյալ ծառայությունները`
1) խորհրդատվություն երեխայի ծնողին և դպրոցի մանկավարժական աշխատողներին` երեխայի կրթության կազմակերպման և սոցիալական ներգրավման վերաբերյալ.
2) խորհրդատվական այցեր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սպասարկման տարածքների կազմակերպություններ` ըստ փոխհամաձայնեցված ժամանակացույցերի.
3) մանկավարժահոգեբանական նեղ մասնագիտացված ծառայությունների մատուցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն անձանց, ովքեր ունեն հետևյալ ֆունկցիաների խանգարումներ`
ա. ձայնի և խոսքի,
բ. լսողական,
գ. տեսողական,
դ. մտավոր (ինտելեկտուալ) հետամնացություն,
ե. շարժողական.
4) ուսումնական հաստատություններում կրթության կազմակերպմանն աջակցող մասնագետների` ուսուցիչների, նրանց օգնականների վերապատրաստումներ, ծնողների համար ուսուցողական դասընթացների կազմակերպում.
5) տնային պայմաններում ուսուցման կազմակերպմանն աջակցելու նպատակով մասնագետների տնայցերի իրականացում` ըստ ուսումնական հաստատությունների հայտերի:
4. Հանրապետական մակարդակում տրամադրվում են մանկավարժահոգեբանական աջակցության հետևյալ ծառայությունները`
1) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների զարգացմանն աջակցելու նպատակով մասնագետների խորհրդատվական այցերի և սեմինարների կազմակերպում.
2) ուսումնական հաստատությունների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարների և մասնագետների վերապատրաստումներ.
3) տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններին, ուսումնական հաստատություններին, երեխայի կրթության և զարգացման հարցերով զբաղվող կազմակերպություններին և մասնագետներին (հոգեբաններ, ուսուցչի օգնականներ, հատուկ ու սոցիալական մանկավարժներ և այլ մասնագետներ) մանկավարժական, այդ թվում` հատուկ մանկավարժական և հոգեբանական խորհրդատվության տրամադրում.
4) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցողներին ուսումնամեթոդական նյութերի տրամադրում: