«Ար» հեռուստաընկերության լրագրողին աշխատանքից ազատելու գործով դատաքննությունն ավարտվեց

Երկարատև աշխատանքի փորձ ունեցող լրագրող Նունե Սիմոնյանի աշխատանքից ազատման գործին անդրադարձել էինք ավելի վաղ. «Ար» հեռուստաընկերության տնօրինությունը 2 օրում 2 նկատողություն է տվել նրան և աշխատանքից ազատման հրաման տվել: Լրագրողը դիմել էր դատարան:

«Նունե Սիմոնայնանն ընդդեմ «Ար» հեռուստաընկերության» գործով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Արա Կուբանյանի), նախնական նիստերի անցկացումից հետո անցել էր դատաքննության փուլին:

Հիշեցնենք, որ հայցվոր Նունե Սիմոնյանը  «Ար» հեռուստաընկերությունում սկսել է աշխատել 2011 թվականի մայիսի 10-ից: Այս տարիների ընթացքում չի ստացել որևէ կարգապահական տույժ, ավելին՝  ստանձնել է պատասխանատու միջոցառումների լուսաբանման աշխատանքները (ՀՀ նախագահի գործունեության լուսաբանում), այս տարիների ընթացքում նրա աշխատավարձը բարձրացել է 6 անգամ` 70 հազար դրամից մինչև 400 000 դրամ:

Այս տարվա փետրվարի 18-ին և 19-ին երկու «նկատողություն» կարգապահական տույժեր են տրվել և դրանց հիման վրա էլ նրան ազատել են աշխատանքից: Աշխատանքից ազատելու հրամանը նույնպես տրվել է փետրվարի 19-ին: Երկու նկատողությունների հիմքում էլ ընկած են «Ազդարար» լրատվական ծառայության պետի տեղակալ Եվա Մեհրաբյանի զեկուցագրերը: Խնդիրն ի սկզբանե ծագել է այն բանից հետո, երբ Եվա Մեհրաբյանը անձնական վիրավորանք է հասցրել լրագրողին՝  2015-ի դեկտմբերի 25-ին ՀՀ նախագահի Ամանորի ընդունելության լուսաբանման տեքստի վերաբերյալ: Լրագրողը պնդում է, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ իր լուսաբանումները չեն գոհացրել Եվա Մեհրաբյանին՝ նրա ՀՀՇ-ամետ քաղաքական հայացքներ ունենալու պատճառով:

Այսպես, անցնելով դատաքննությանը, նախագահող դատավորը ներկայացրեց գործում առկա ապացույցները, այնուհետև դիմելով կողմերին հարց տվեց, թե արդյո՞ք կան միջնորդություններ փաստաթղթերի վերաբերյալ: Միջնորդություններ չկային: Պատասխանողի ներկայացուցիչն ասաց, թե դատարանը չի ներկայացրել իրենց կողմից դատարանին ներկայացված պատասխանի լրացումը: Ի պատասխան՝ դատարանը  հայտնեց, որ չէր կարող ներկայացնել, քանի որ դա ապացույց չէ, իսկ դատարանը հետազոտում էր ապացույցները:

Այնուհետև պատասխանող կողմը դատաքննությունը լրացնելու միջնորդություն արեց: Պատասխանողի ներկայացուցիչն իր խոսքում նշեց, որ հայցվոր Նունե Սիմոնյանը երբ 2 անգամ նկատողություն է ստացել, դրանք չի վիճարկել, նաև դրանց վերաբերյալ գրավոր բացատրություն չի ներկայացրել տնօրինությանը, ինչը և վկայում է այն մասին, որ ընդունել է իր կողմից կատարված սխալները:

Նա հայտնեց նաև, որ իր հունվար ամսվա ընթացքում Նունե Սիմոնյանը գրավոր դիմում է ներկայացրել տնօրենին՝ խնդրելով  առաջ եկած խնդիրը քննարկել ընկերության հիմնադիր Կարեն Վարդանյանի մասնակցությամբ, քանի որ առանց դրա խնդիրը չի լուծվում: Եվ սա վկայում է այն մասին, որ լրագրողի և իր անմիջական ղեկավար Եվա Մեհրաբյանի միջև եղել է երկարատև կոնֆլիկտ, ինչը և ազդել է Նունեի Սիմոնյանի կողմից պատրաստվող նյութերի որակի վրա, ինչի հետևանքով էլ ղեկավարությունը որոշել է լուծել նրա հետ աշխատանքային պայմանագիրը:

Ի պատասխան այս հայտարարությունների՝ հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Էռնեստ Աբելյանը հայտնեց, թե անհասկանալի է՝ ինչու է հակառակ կողմը խոսում միայն երկու նկատողությունների մասին՝ լռելով երրորդի մասին: Եվ մյուս կողմից, չկա որևէ ապացույց այն մասին, որ Նունե Սիմոնյանը հրաժարվել է բացատրագիր ներկայացնել: Կա միայն հեռուստաընկերության տնօրինության կողմից կազմված արձանագրություն այն մասին, թե նա չի բացատրություն չի ներկայացրել, ինչը ապացույց չի կարող լինել դատարանում. «Նման արձանագրություն կարող է կազմել նաև Նունե Սիմոնյանը՝ նշելով, որ բացատրագիր ներկայացրել է»:

Է. Աբելյանը նշեց նաև, որ Նունե Սիմոնյանի կողմից տնօրենին ուղղված գրությունը չի կարող վկայել, թե  կոնֆլիկտը ունեցել է երկարատև բնույթ կամ կոնֆլիկտային հարաբերություններ են եղել ողջ կոլեկտիվի հետ:

Դատարանը կողմերին լսելուց հետո հայտարարեց դատաքննության ավարտի մասին և անցավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ ընդունելու: Նոյեմբերի 4-ին կհրապարակվի վճիռը:

Հ.Գ. Ի դեպ, մինչ դատական նիստի սկսվելը դատարանից խնդրեցինք թույլատրել տեսանկարահանել և լուսանկարել նիստը: Դատավոր Կուբանյանը կտրուկ մերժեց տեսանկարահանել: Չթույալտրեց լուսանկարել նաև իրեն, իսկ մյուսներին լուսանկարելու հարցը թողեց կողմերի կամքին, լուսանկարելու դեմ առարկեց նաև «Ար հեռուստաընկերության» ներկայացուցիչը: Այն, որ լրագրողների կողմից դատարանի դահլիճում լուսանկարահանելու/տեսանկարահանելու հարցը կարգավորված չէ, առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում ենք: Սակայն մինչ այժմ որևէ լուծում չի տրվում խնդրին:

Գլխավոր լուսանկարում՝ փաստաբան Էռնեստ Աբելյանը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել