Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Նունե Սիմոնայնանն ընդդեմ «Ար» հեռուստաընկերության» գործով դատավարությունը: Այս տարվա փետրվար ամսին երկար տարիների փորձ ունեցող լրագրողն ազատվել է աշխատանքից և այժմ դատարանում պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:
Հայցվոր Նունե Սիմոնյանը ներկայացրեց, որ «Ար» հեռուստաընկերությունում սկսել է աշխատել 2011 թվականի մայիսի 10-ից: Այս տարիների ընթացքում չի ստացել որևէ կարգապահական տույժ, ավելին՝ ստանձնել է պատասխանատու միջոցառումների լուսաբանման աշխատանքները (ՀՀ նախագահի գործունեության լուսաբանում), այս տարիների ընթացքում նրա աշխատավարձը բարձրացել է 6 անգամ` 70 հազար դրամից մինչև 400 000 դրամ. «Նշված հանգամանքը փաստում է այն մասին, որ ես ամբողջությամբ և բարեխղճորեն կատարել եմ իմ աշխատանքային պարտականությունները»:
Սակայն այս տարվա փետրվարի 18-ին և 19-ին երկու «նկատողություն» կարգապահական տույժեր են տրվել և դրանց հիման վրա էլ նրան ազատել են աշխատանքից: Աշխատանքից ազատելու հրամանը նույնպես տրվել է փետրվարի 19-ին: Ի դեպ, հայցվոր կողմը պնդեց, որ մինչ կարգապահական տույժեր կիրառելուց առաջ նրանից գրավոր կամ բանավոր կերպով բացատրություն տալու պահանջ չի ներկայացվել, մինչդեռ Աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջն է դա. «Իսկ ո՞վ է պահանջել բացատրագիր գրել, կադրերի բաժնի պետը՞, ես նրան նույնիսկ չեմ ճանաչում»,- Նունե Սիմոնյանը:
Երկու նկատողությունների հիմքում էլ ընկած են «Ազդարար» լրատվական ծառայության պետի տեղակալ Եվա Մեհրաբյանի զեկուցագրերը: Խնդիրն ի սկզբանե ծագել է այն բանից հետո, երբ Եվա Մեհրաբյանը անձնական վիրավորանք է հասցրել լրագրողին՝ 2015-ի դեկտմբերի 25-ին ՀՀ նախագահի Ամանորի ընդունելության լուսաբանման տեքստի վերաբերյալ: Լրագրողը պնդում է, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ իր լուսաբանումները չեն գոհացրել Եվա Մեհրաբյանին՝ նրա ՀՀՇ-ամետ քաղաքական հայացքներ ունենալու պատճառով:
Հունվարի 20-ին և 21-ին նա երկու զեկուցագրեր է գրել հեռուստաընկերության տնօրենին, որոնցից առաջինում նշել է, թե լրագրողը վերոհիշյալ «տեսանյութը պատրաստել է թերի և անփույթ՝ ցուցաբերելով ոչ մասնագիտական վերաբերմունք»: Իսկ երկրորդ գրության մեջ նա նշել է, որ լրագրողը ստահոդ լուրեր է տարածում իր մասին և անառողջ մթնոլորտ ստեղծում անձնակազմում:
«Վերջին վեց տարվա ընթացքում ես չեմ ստացել որևէ կարգապահական տույժ, սակայն երկու օրվա ընթացքում, ներեցեք, «սարքվեցին» երկու նկատողություն, որոնք հիմք դարձան աշխատանքից ազատման համար»,- ասաց Ն. Սիմոնյանը:
Հետաքրքիր է, որ լրագրողի դեմ զեկուցագրեր են գրել նաև հեռուստաընկերության ևս երեք աշխատակից: Այս հանգամանքին անդրադառնալով հայցվոր կողմը նշեց. «Ընկերության լրատվական ծառայության մոտ 40 աշխատակիցներից երեքի նման կարծիքը չի կարող գնահատվել որպես ողջ ստորաբաժանման կամ ծառայության անձնակազմի կոլեկտիվ կամք։ Նման մոտեցումն ակնհայտ կողմնակալության դրսևորում է»:
Այս գործում հետաքրքրական է ևս մի դրվագ. Նունե Սիմոնյանը երկու տարի առաջ «Գռանդ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ փոխառության պայմանագիր է կնքել, որի շրջանակներում վերցրել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա, և դրա դիմաց ամսական 110 հազար դրամ գումար է վճարել (արդեն իսկ վճարել է շուրջ 2.5 միլիոն դրամ): Փոխառության պայմանագրի վերջնաժամկետը եղել է 2020 թվականը: Լրագրողը դատարանին և կողմին ներկայացրեց մի ձայնասկավառակ, որտեղ իր և հեռուստաընկերության տնօրենի հետ խոսակցության ձայնագրությունն է: Հայցվորը նշեց, որ այս խոսակցության ժամանակ է տնօրենն իրեն ասել, որ մեքենան պետք է վերադարձնի ու աշխատանքից ազատման դիմում գրի: Եվ այդ մեքենան իսկապես իրենից վերցրել են՝ խախտելով իր սեփականության իրավունքը:
Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գագիկ Խաչատրյանը սակայն դատարանում բացառեց, որ ավտոմեքենայի հետ կապված գործարքը որևէ կապ ունի աշխատանքային վեճի հետ: Նա բացատրեց, թե քանի որ «Հոնդա» մակնիշի ճապոնական ավտոմեքենաները ներկրվում են «Գրանդ Հոլդինգս» ընկերության կողմից, ապա որպես բարի կամքի դրսևորում, ընկերությունն իր աշխատողներին անտոկոս և ապառիկ կարգով ավտոմեքենա ձեռքբերելու հնարավորություն է տվել, ինչից օգտվել է նաև Նունե Սիմոնյանը:
Իսկ երբ լրագրողն ընդմիջեց նրա խոսքը՝ հակառակը պնդելով, Գագիկ Խաչատրյանն արաձագանքեց. «Հո քո ասելով չի, պայմանագիրը կա»:
Ինչ վերաբերում է աշխատանքային վեճին, ապա պատասխանողի խոսքով, իրենք մինչ կարգապահական տույժեր կիրառելը՝ լրագրողից բացատրագիր պահանջել են և 2 շաբաթ ժամանակ են տվել, սակայն վերջինս չի գրել. «Դե դա իր իրավունքն է, չի գրել, չի գրել»:
Նունե Սիմոնյանի աշխատավարձը 6 անգամ անգամ բարձրացնելու վերաբերյալ պատասխանողը հայտնեց, որ միայն հպարտ է, որ իր ընկերությունը կարողացել է նման բարձր աշխատավարձ վճարել: Սակայն չանդրադարձավ այն հարցին, թե ինչու՞ են բարձրացրել:
Նունե Սիմոնյանը դատարանում այսօր հայտնել էր, որ Եվա Մեհրաբյանը ամեն անգամ հեռուստաընկերության տնօրենի աշխատասենյակից դուրս գալուց հետո նրանից դժգոհում էր, ասելով, թե նա գործից չի հասկանում՝ «Դեղագործն ուր, հեռուստաընկերությունն՝ ուր»: Այս արտահայտության վերաբերյալ պատասխանող կողմը բավականին բուռն պատասխան տվեց. «Դա ոչ Ձեր գործն ա, ոչ էլ Եվայի… Էն որ հիմա էստեղ նստած եք, պատճառն էն է, որ էն ժամանակ էլ եք նման բաներ արել»:
Պատասխանող կողմը նաև ժամանակ խնդրեց՝ դատարանին ներկայացված ձայնագրություններին ծանոթանալու և դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 24-ին:
Աստղիկ Կարապետյան