ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1061-19.09.2016-ՍՀ-010/0) վերաբերյալ: Ըստ պատգամավորների նախագծի` առաջարկվում է նորաստեղծ ընտանիքներին տրամադրել միանվագ դրամական օգնության, որի նվազագույն չափը չի կարող պակաս լինել, քան 300.000 դրամը:
ՀՀ կառավարությունը գտնում է, որ ընտանիքներին վերաբերող հարցերը ենթական են քննարկման ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի քննարկումների շրջանակում՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հնարավորությունները:
Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ եղավ ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:
Կառավարության կարծիքը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Իրավաբան.net