Վարչապետը նոր հանձնարարականներ տվեց` կրթության, սպորտի և սոցիալական աջակցության վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մինչ օրակարգին անցնելը նախ շնորհավորեց ՊԵԿ նորանշանակ ղեկավարին` Վարդան Հարությունյանին` ասելով. «Շնորհակալություն, որ համաձայնվել եք համատեղ աշխատանքի, մանավանդ, որ մամուլը շատ է գրում, որ երկար եք դիմադրել»:

Նա նաև նոր հանձնարարականներով հանդես եկավ, որոնք մասնավորապես վերաբերում են կրթության ոլորտին:

Վարչապետը հանձնարարեց ՀՀ ԿԳ նախարարին և մարզպետներին, քաղաքապետին 7 օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական դպրոցներում ընտորության գործընթացում ազգակցական կապերի վերաբերյալ. «Հասկանում եք ինձ` ինչի մասին է խոսքը` մայր և աղջիկ նույն դպրոցում, ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել` սուբյեկտիվ և օբյեկտիվ դեպքերը»:

Բացի այդ, ՀՀ ԿԳ նախարարին հանձնարարեց գյուղական դպրոցների զարգացման համար ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցության իրականացնում, որպեսզի երեխաները մասնակից դառնան տարբեր դասընթացների ու նոր գիտելիքներ ստանան:

Վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադաձավ նաև սոցիալական պաշտպանության ոլորտին` նշելով, որ երեխաների նպաստի դիմումի հարցը պետք է ավելի հասանելի դարձնել, վարչապետ հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ առցանց եղանակով դիմում ներկայացնելու և անկախ բնակության վայրից յուրաքանչյուր բաժնում այն ներկայացնելու գործընթացի վերաբերյալ:

Հաջորդ ոլորտը սպորտն էր, վարչապետը նախարարին հանձնարարեց 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական կազմակերպությունների կողմից` մարզական միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումների համար պետական բյուջեից կատարած ծախսերը և դրանք կրճատել, իսկ ավելացած գումարը ներդնել մեր երկրում առողջ ապրելակերպի զարգացման գործում. «Կրճատման դեպքում սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղված ներկայացնել ծրագիր ու գումարներ, մասսայական սպորտը առողջ ապրելակերպը ամենօրյա կյանքում մենք պետք է զգանք: Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, եթե պետք է նույնիսկ ազգային ու հանրապետական ծրագիր ներկայացրեք, որ դա դառնա մեր կյանքի ոճը»,- նախարարին դիմելով ասաց Կարեն Կարապետյանը:

Իսկ վերջում վարչապետը հորդորեց բոլոր նախարարներին հնարավորինս թափանցիկ աշխատել մամուլի հետ, որ հասարակությունն իմանա` գործադիրն ինչ է անում ու ուր է գնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել