Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և ադրբեջանական զորքերի շփման գծում 2016 թվականի ապրիլյան քառօրյա ռազմական բախումների հետևանքով առաջացած իրավիճակը պարտավորեցնում է զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար սահմանել արագ արձագանքման մեխանիզմներ: Այս մասին նշվում է կառավարության նախագծում, որը գործադիրի այսօրվա նիստին ներկայացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նշվում է, որ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշմամբ սահմանվել է միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը, որով սահմանվում են համագործակցող կողմերը, խնդրահարույց դեպքերը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Սահմանված խնդրահարույց դեպքերի շարքում դեռևս ներառված չեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորած համարվելու դեպքերը:
Նոր նախագծի ընդունմամբ գործադիրը լուծում է հետևյալ խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորած համարվելու դեպքերում համապատասխան տեղեկությունները զինկոմիսարիատից եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության տարածքային մարմիններին տեղեկացումը: Ինչը նշանակում է, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը) սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում է բազմամասնագիտական խումբ` տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան, որոնք իրենց գործունեությունը ծավալում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակներում` որպես սոցիալական դեպքի վարման շրջանակներում անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումներ:
Իրավաբան.net