«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» մասին օրենքի նախագիծն այսօր ընդունվեց երկրորդ ընթերցմամբ, նախագծին կողմ քվեարկեց 76, դեմ՝ 24, ձեռնպահ` 1 պատգամավոր:
Մինչ քվեարկությունը ակտիվ քննարկումներ անցան պատգամավորների միջև:
«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշեց, որ չնայած նրան, որ կառավարության կազմը փոխվել է, միևնույն է հին ձևով են աշխատում, ու երևի թե պատգամավորներից շատերը չեն էլ հասցրել կարդալ նախագծի փաթեթը, որովհետև դրա համար բավական երկար ժամանակ էր պետք ուսումնասիրելու և ԱԺ-ում կարծիքներ հայտնելու համար:
«Ստացվում է այնպես, որ մենք կանգնած են կոտրած և հին տաշտակի առջև, և ձեռագիրը ոչնչով չի տարբերվում հնից և մենք՝ նման հարկային փաթեթին, մեր խմբակցությունը դեմ է քվեարկում»,-նշեց Բիշարյանը:
«Չի կարելի ընդամենը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով քվեարկել, և պատահական չէ, որ նույնիսկ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները, ովքեր վստահաբար կողմ են քվեարկելու, որովհետև էդպես է իրենց հանձնարարված, դեմ են այս օրենսգրքին,-նման կարծիք հայտնեց ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Չի կարելի նման խաղի կանոն սահմանել, որը ուղղակիորեն կսպանի փոքր և միջին ձեռներեցությունը: Մենք հորդորում ենք ուղղակի չդնել քվեարկության այս նախագիծը և այն պատգամավորներին, ում հանձնարարված է քվեարկել կողմ, ում վրա ճնշումներ է գործադրված, չդնել վատ վիճակի մեջ: Չի կարելի նման անփույն ձևով նախագիծ ընդունել»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ի գիտություն իր գործընկերների հայտնեց, որ Ընտրական օրենսգրքից հետո սա ամենաքննարկված, ամենաբազմակողմանի ուսումնասիրված փաստաթուղթն է և այն, որ բարելավված է պատգամավորների առաջարկներով և ի օգուտ ձեռներեցների, դա հաստատ է:
Վարդան Այվազյանի հավաստմամբ Հարկային օրենսգիրքը վերջին 3 ամսում քննարկվել է շուրջ 25 անգամ և պատգամավորների 300 առաջարկություններից գերակշիռ մասն ընդունվել է: Իսկ Վահրամ Բաղդասարայնը նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է նախագծային փաթեթին և կողմ է քվեարկելու:
«Որ փոքր ու միջին ընկերություններին մենք նեղն ենք գցում, դա անառարկելի է և անկախ նրանից, թե փաստաթուղթը քանի անգամ է քննարկվել»,-ընդգծեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:
Քվեարկության դնելուց առաջ իր խոսքն ասաց նաև Տիգրան Ուրիխանյանը. «Երկրում վիաճակ փոփոխելու համար՝ դեպի լավը, անհրաժեշտ է թեթևացնել հարկային բեռն ու ճնշումները, ավելացնել մարդկանց եկամուտները: Այս տրամաբանությունը չի գործել առաջին ընթերցման ժամանակ և փոփոխություններով հանդերձ մի քիչ չի գործում հիմա և դրա համար սա վտանգ է առաջացնում հետագա տարիների համար»: