ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր կառավարության հերթական նիստին ներկայացրեց Կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները հաստատելու մասին նախագծը:
Նա ասաց, որ «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորները գործունեություն են իրականացնում գործունեության եզրակացության հիման: «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն կենդանական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորներին գործունեության եզրակացություն տալու նպատակով կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները, ինչպես նաև եզրակացություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Միաժամանակ, ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հոկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին N984-Ա որոշման N1 հավելվածի 17-րդ կետով՝ 2015 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակում ՀՀ կառավարության քննարկմանը պետք է ներկայացվի «Կենդանական ծագման սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները, ինչպես նաև գործունեության եզրակացության տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախարարի խոսքերով՝ ներկայումս ՀՀ գործող օրենսդրությամբ նման կարգավորումները բացակայում են, ուստի նախագիծը կբացառի ոլորտում առկա ռիսկերը և էականորեն կբարելավի սննդամթերքի անվտանգության բնագավառը:
Առաջարկվում է սահմանել կենդանական ծագում ունեցող սննդամթերքի արտադրության ոլորտները և տեսակները, ինչպես նաև գործունեության եզրակացության տրամադրման կարգը: