Սեպետմբերի 29-ի կառավարության նիստի օրակարագի համաձայն, արտաքին գործխերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը գործադիրի անդամներին ներկայացնելու է կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» 821 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված անձնագրային համակարգի կանոնադրության 6-րդ կետի «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը:
Այս փոփոխությունը հիմնավորվում է այսպես.
«Հյուպատոսական հաշվառումը կամավոր գործընթաց է, որը հասանելի է նաև առցանց, հետևաբար ՀՀ քաղաքացիների անձնագրերում հյուպատոսական հաշվառման կանգնած լինելու վերաբերյալ նշում կատարելու անհրաժեշտություն և գործուն մեխանիզմ չկա: Հետևաբար նախագծով առաջարկվում է վերացնել նման նշում կատարելու իրավունքը` գործող իրավական ակտում ավելորդ դրույթ չունենալու նպատակով:
Սկսած 2011թ. հյուպատոսական հաշվառման վերաբերյալ ՀՀ քաղաքացիների անձնագրերում գործնականում նշում չի կատարվում կապված հյուպատոսական հաշվառման օրենսդրության անկատարության և բուն հյուպատոսական հաշվառման գործընթացն արդյունավետ, միասնական և համատարած իրականացնելու հետ կապված խնդիրների պատճառով:
Հյուպատոսական հաշվառման բարեփոխումների օրենսդրական փաթեթի ընդունմամբ բոլոր հարցերը կարգավորվում են և միաժամանակ նման նշում կատարելու անհրաժեշտությունն է վերանում:
Նախկինում ՀՀ մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված արտոնության կիրառման համար, երբ ՀՀ մշտական բնակության վերադարձող քաղաքացին կարող էր իր անձնական գույքն առանց մաքսատուրքի վճարման ներմուծել, պահանջվում էր ներկայացնել ՀՀ քաղաքացու անձնագիր` հյուպատոսական հաշվառման կանգնած լինելու մասին նշումով: Օրենսգրքի նշված կետը ամբողջությամբ փոփոխվել է և այդ պահանջը վերացվել է: Սակայն «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» պայմանագրի ուժի մեջ մտնելու արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել նաև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը:
Քաղաքացիների ճանապարհորդական փաստաթղթերում, մասնավորապես անձնագրերում, նշումներ կատարելու, ինչպես նաև այլ պարտադիր և ոչ պարտադիր կանոնները, չափանիշները և ստանդարտները սահմանվում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից, որին անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը: 2011թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը համապատասխանում է նշված կազմակերպության կողմից սահմանվող ստանդարտներին: Համաձայն օրենքի թույլ չի տրվում ՀՀ քաղաքացու անձնագրում կատարել ոչ միայն հյուպատոսական հաշվառման, այլ նույնիսկ մշտական բնակության հաշվառման հասցեի կամ հանրապետական նշանակության ընտրություններին մասնակցած լինելու մասին նշումներ:
Նախագծի նպատակն է կարգը համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին:
Ակնկալվում է , որ ՀՀ քաղաքացիների հին նմուշի անձնագրերում կատարվող նշումների հնարավոր տեսակները կհամապատասխանեցվեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքին: