Սեպտեմբերի 27-ից կմեկնարկի «Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը

Երևանի օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ հրավիրված ասուլիսի ընթացքում աշխատանքային խմբի անդամ, սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը ներկայացրել է այս տարվա միջոցառումներում ընդգրկված սոցիալական ծրագրերը, որոնք վերջին տարիներին «Էրեբունի-Երևան» տոնակատարության անբաժանելի մասն են դարձել:

Առաջին և ամենամեծ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին: Երևանի ծննդյան տարեթվին համապատասխան, թվով 2798 ընտանիքի քաղաքապետարանի կողմից կտրամադրվի համապատասխան աջակցություն՝ էլեկտրատեխնիկական սարքավորումներ:

Սոցիալական ապահովության վարչության պետի ներկայացմամբ ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:

«Քաղաքապետարանի և վարչական շրջանների պատասխանատուներից բաղկացած խմբերը սեպտեմբերի 27-ից տնայցեր կիրականացնեն և շնորհավորելով մայրաքաղաքի գալիք տոնի առիթով` նվերներ կհանձնեն մեր համաքաղաքացիներին՝ փոխանցելով մի փոքր արև և ջերմություն: Այս ծրագրի հիմնական առաքելությունը ոչ այնքան սոցիալական բաղադրիչն է, որքան մեկ անգամ ևս մեր համաքաղաքացիներին վստահեցնելը, որ քաղաքային իշխանությունը մշտապես իրենց կողքին է և իրենց խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են: Երևանը նախևառաջ անկրկնելի ու գեղեցիկ է այն մարդկանցով, ովքեր ապրում են մայրաքաղաքում: Քաղաքի ու միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունքով միայն կարող ենք հասնել հաջողության և մեր զավակների համար ստեղծել լավագույն քաղաքային միջավայրը», – նշել է Ռուզաննա Զաքարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել