Ինչպես տեղեկացրել էինք այսօր ԱԺ արտահերթ նիստին արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց կառավարության կառաւոցվածքային փոփոխությունների մասին նախագիծը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի այն հարցին, թե արդյո՞ք չպետք է այս փոփոխությունները ներկայցվեին կառավարության ծրագրի հաստատումից հետո, ինչին Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ծրագիրը քննարկման փուլում է, և փոփոխությունները ներկայացված են ծրագրին համահունչ:
Պատգամավոր Թևան Պողոսյանը, անդրադառնալով քաղաքաշինության նախարարությունը պետական կոմիտե դարձնելու մասին, հարցրեց, թե արդյո՞ք նախարարը ծանոթ է կառավարությանն առընթեր մարմինների ստեղծման վերաբերյալ նախագահի հրամանագրին, քանի որ այն թույլ չի տալիս ստեղծել կոմիտե: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Հրամանագրին ծանոթ եմ, բայց դա չի նշանակում, որ պարտավոր եմ պատասխանել Ձեր՝ որպես դասախոսի ուսանողին տրված հարցերին»:
Ինչ վերաբերում է սփյուռքի նախարարության անվանափոխման հարցերին, մասնավորապես այն հարցին, որ միգուցե այն վերանվանվի «Սփյուռքի հետ կապերի» նախարարության, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ հարցը ևս քննարկեն կառավարությունում:
Վահե Էնֆիաջյանի այն հարցին, թե մեկ նախարարությունը կրճատվել է, ինչպես են միջոցները տնտեսվելու և ինչ ազդեցություն է ունենալու դա մեր տնտեսության վրա, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ այս պահին հստակ չի կարող տվյալներ ներկայացնել, սակայն պետական բյուջեի քննարկումների ժամանակ հարցին անդրադարձ եղել է և այն կրճատումը բյուջեում արտացոլված կլինի: