Անկախության 25-ամյակի կապակցությամբ համաներում չի լինի դեռևս: Այսօր սեպտեմբերի 26-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ է գումարվել, սակայն օրակարգում այս հարցին վերաբերող նախագիծ չկա:
Նշենք, որ հանրապետության նախագահը համաներում հայտարարելու մասին իր առաջարկությունն ուղարկում է ԱԺ նախագահին։ ԱԺ նախագահը համաներում հայտարարելու մասին նախագահի առաջարկությունը ստանալուց հետո` 24 ժամվա ընթացքում, այն ուղարկում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողով, կառավարություն և ընդգրկում Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունը քննարկվում է պետական-իրավական ոլորտի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստում, որին կարող են մասնակցել պատգամավորները, Հանրապետության Նախագահի և վարչապետի լիազորած անձինք:
Համաներում հայտարարելու մասին Հանրապետության Նախագահի առաջարկությունն Ազգային ժողովի նիստում քննարկվում է արտահերթ` օրենքով սահմանված կարգով: