Վաղուց է հասունացել անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու հարցը. Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար

Սույն թվականի սեպտեմբերի 22-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ իրեն պատմել են պետական միջոցների յուրացման որոշ ֆանտաստիկ սխեմաների մասին: Այդ սխեմաները վերացնելու նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնարկում է որոշակի քայլեր: Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում կոռուպցիոն սխեմաների բացահայտումը և դրանց վերացմանը միտված ծրագրերի, մեխանիզմների մշակումը հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի հիմնական գործառույթներից մեկն է, այս մասին Իրավաբան.netի թղթակցի հետ զույցում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը: Ցավոք Հայաստանում մենք դեռևս չունենք նման մարմին:
Մարատ Ատովմյանը նշում է. «Վաղուց է հասունացել Հայաստանում անկախ ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու հարցը: Այն օրվա հրամայական է, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս համակարգը անարդյունավետ է: Այդ մարմինը պետք է զբաղվի վերլուծական, հետազոտական աշխատանքով, բացահայտի կոռուպցիոն սխեմաները, զբաղվի հակակոռուպցիոն կրթությամբ, հանրության շրջանում հակակոռուպցիոն մտածելակերպի ձևավորմամբ, կոռուպցիոն գործերի քննությամբ և այլն:
Բացի այդ, մեր պետական և տեղական ինքնակառավարման համակարգը վերջապես պետք է կառուցվի պատշաճ կառավարման (Good Governance) և բարեխղճության (Integrity) սկզբունքների հիման վրա:
Անչափ կարևոր է նաև, որ Բարեխղճության ազգային համակարգի բոլոր հիմնասյուները (օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններ, վերահսկիչ մարմիններ, օմբուդսմեն, հանրային ծառայության համակարգ, կրթական համակարգ, քաղաքացիական հասարակություն, մասնավոր հատված) հավասարաչափ զարգացած լինեն նշված սկզբունքների հիման վրա: Հակառակ դեպքում մեր պետությունում չենք կարողանա ապահովել կյանքի բարձր որակ, կայուն զարգացում և իրավունքի գերակայություն, որը իրավական պետության կառուցման կարևորագույն նախապայմաններից է»:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել