Պետությանը պատճառել է ավելի քան 92 միլիոն դրամի վնաս

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ,  Աղասի Ալբերտի Հովսեփյանը, 2012-2013թթ. ընթացքում, գտնվելով ազատազրկման մեջ, համացանցի «Օդնոկլասնիկ» կայքի և իր տրամադրության տակ գտնվող հեռախոսների միջոցով ծանոթացել է ՀՀ քաղաքացիներ՝ Կ. Էհտիբարյանի, Գ. Սեյրանյանի, Ն. Բալասանյանի, Ռ. Մինասյանի, Պ. Բաղդասարյանի և Գ. Սահակյանի հետ: Աղասի Հովսեփյանը, հարկերը վճարելուց խուսափելու կամ նյութական այլ օգուտներ քաղելու նպատակով, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության, նշված քաղաքացիներին նյութապես շահագրգռելու միջոցով նրանց անուններով հիմնադրել է «Արեգակ-1», «Զվարթնոց-10», «Գայանե 1», «Բելոնա», «ԱԳԱ 1», «Իբար», «Պետրոս 7», «Արեգնար», «Եվա-Ռոման» և «Ռոման-Նարինե» ՍՊ ընկերությունները, այնուհետև նրանց հաշվառել որպես տնօրեններ ու, փաստացի ղեկավարելով այդ ընկերությունները, կազմակերպել է դրանց միջոցով շուրջ 506.704.988 ՀՀ դրամի մաքսային արժեքով տարբեր տեսակի ապրանքների ներմուծումն ու իրացումը, որի արդյուքնում խուսափել է 92.157.430  ՀՀ դրամի հարկերը պետբյուջե վճարելուց:

Բացի այդ, Աղասի Հովսեփյանը, հանցավոր համաձայնության գալով քաղաքացի Սարգիս Հովհաննիսյանի հետ, վերջինիս միջոցով չարաշահել է քաղաքացիներ Ա. Թորոսյանի, Կ. Էհտիբարյանի և Ռ. Մինասյանի վստահությունն ու խաբեությամբ տիրացել նրանց գույքին: Մասնավորապես՝ վերջիններիս անուններով «ՎՏԲ-Հայաստան» բանկից ստացել է համապատասխանաբար՝ 1.310.000, 1.300.000 և 1.089.000 ՀՀ դրամի վարկ ու տնօրինել գումարը:

2016թ. օգոստոսի 1-ին Աղասի Ալբերտի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, կատարված հանցագործություներին մասնակցած հնարավոր այլ մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում եմ անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է մեր քաղաքացիներին զերծ մնալ որևէ իրավաբանական անձի մասնակից կամ տնօրեն դառնալու կողմնակի գայթակղիչ առաջարկություններից՝ հետագայում քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների սուբյեկտ չդառնալու նկատառումներից ելնելով:

Եթե հաղորդագրության մեջ նշված անձանցից բացի կլինեն նաև այլ անձինք, ովքեր տուժել են Աղասի Հովսեփյանի անօրինական գործողություններից, ապա խնդրվում է վերջիններիս անհապաղ դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն՝ ք. Երևան, Դեղատան 3 հասցեով: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել