Մսի տաղավարների 80 տոկոսը գտնվում է բարձր ռիսկային գոտում

«Գում»-ի շուկայի մսի տաղավարների 80 տոկոսը գտնվում է բարձր ռիսկային գոտում, ավելին՝ ռիսկի հայտնաբերված մակարդակը չի երաշխավորում սպառողների առողջության ապահովումը: Այս մասին այսօր հայտարարություն է տարածել ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հայաստանի ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա-վերլուծական կենտրոնի կողմից` ընթացիկ տարվա պլանավորած բարձր ռիսկային կատորեգորիայի մթերքների իրացման կետերի ռիսկի գնահատման աշխատանքների շրջանակներում իրականացվել է Երեւան քաղաքի N1 շուկայի հարեւանությամբ՝ Խորենացի փողոցի վրա գտնվող (ԳՈՒՄ-ի շուկա) 50-ից ավելի  տաղավարների ռիսկի գնահատում՝ հաշվի առնելով նաեւ նախորդ տարիների ընթացքում հայտնաբերված խախտումները, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը տպագրված է գիտական ամսագրերում եւ ծանուցված` պատկան մարմիններին:

Ուսումնասիրություններն իրականացվել են Կենտրոնի կողմից ներդրված, միջազգային չափորոշիչներին համապատասխան ռիսկի գնահատման ժամանակակից մեթոդով, որի արդյունավետությունը ապացուցվել է լաբորատոր փորձարկումների միջոցով:

Աշխատանքների ընթացքում բացահայտվել է, որ տաղավարների 80%-ը գտնվում է բարձր ռիսկային գոտում, ավելին՝ ռիսկի հայտնաբերված մակարդակը չի երաշխավորում սպառողների առողջության ապահովումը: Իրացման կետերից 28-ում միսն իրացվում է ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում, որոնք չունեն անգամ սառնարան, չկան նաեւ լվացվող եւ ախտահանվող մակերեսներ, մսեղիքը տեղափոխվում է սննդի համար չնախատեսված, կեղտոտ ստվարաթղթե արկղերով կամ կեղտոտ պարկերով, պահպանվում է աղբամանների կողքին, միջատներն ունեն անմիջական հասանելիություն մսեղիքին, իսկ որոշ դեպքերում մսեղիքն անգամ դրված է ասֆալտին:

Իրացման կետերից 20-ում առկա է սառնարան, բայց մսեղիքը պահպանվում է նաեւ սառնարանից դուրս, հաճախ սառնարանների վրա դրված փայտե տախտակների վրա, հայտնաբերվել է նաեւ, որ հաճախ սառնարանները ձեւական բնույթ են կրում եւ միացված չեն: Նշված կետերում եւս ռիսկի մակարդակը բարձր է եւ չի երաշխավորվում սպառողների առողջության պաշտպանությունը:

Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է, որ մսեղիքի տեղափոխումն իրականացվում է հակասանիտարական պայմաններում, մսեղիքի համար չնախատեսված մեքենաների կեղտոտ բեռախցիկներով:

Նշված շուկայում խնդիրները չեն սահմանափակվում միայն իրացվող մթերքի որակի եւ անվտանգության խախտումներով, առկա են նաեւ հանրային առողջապահական (հանրային անասնաբուժական) նշանակություն ունեցող գործոններ: Ինչպես հայտնի է, էխինոկոկոզ հիվանդության սահմանափակ ախտահարումների դեպքում ոչնչացվում են միայն ախտահարված մկանների հատվածները կամ օրգանները: Նշված իրացման կետերի շուրջ թափառում են փողոցային կենդանիներ, մասնավորապես շներ, որոնց իրացման կետի աշխատակիցները կերակրում են մսեղիքի եւ ներքին օրգանների հարդարման ժամանակ հեռացված կտորներով (այս շուկայից ընտանի կենդանիներ պահողները եւս ձեռք են բերում ոսկոր կամ ենթամթերքներ) ինչը կարող է նպաստել հիվանդության տարածմանը եւ մարդկանց հիվանդացության ավելացմանը: Այս հանգամանքը թույլ է տալիս փաստել վերը նշված խնդրի գերվտանգավոր լինելը՝ հանրային առողջապահության տեսանկյունից:

Տեղեկացնենք, որ ստացված արդյունքները համեմատվել են նախորդ տարիներին Կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների տվյալների հետ` արձանագրվել է բացասական միտում եւ, փաստացի, բարձր ռիսկային տաղավարները պակասելու փոխարեն ավելացել են:

Ուսումնասիրությունների ընթացքում նկատվել է, որ հաճախ անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոնի վրա առկա չէ անասնաբուժական ուղեկցող փաստաթղթի համարը, ուստի հորդորում ենք պատկան կառույցին՝ անասնաբուժական ռիսկերի գնահատման ժամանակ խիստ ուշադրություն դարձնել նշված հանգամանքին:

Մինչեւ լիազոր մարմնի կողմից համապատասխան խնդրի կարգավորումը եւ նշված թերությունների վերացումը՝ սպառողներին հորդորում ենք.

  1. Զերծ մնալ նմանատիպ պայմաններում իրացվող մսի եւ սպանդային մթերքների ձեռքբերումից:
  2. Միս եւ մսամթերք ձեռք բերել միայն հիգիենիկ պայմաններ ունեցող վաճառակետերից, որոնք ապահովված են սառնարանով, որում պահպանվում է համապատասխան ջերմային ռեժիմը:
  3. Ուշադրություն դարձնել, որ վաճառակետում առկա լինի անասնաբուժասանիտարական փորձաքննության վկայականը՝ համապատասխան ուղեկցող փաստաթղթի համարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել