Կարեն Կարապետյանը մանրամասնեց, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում

Ինչպես արդեն իսկ հայտնել էինք, այսօր կառավարության նիստին կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու նախագիծը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը բացատրեց այս փոփոխությունների տրամաբանությունն ու պատճառները: Նախ, նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանելով ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, ցանկացել են հատուկ ընդգծել, որ ներդրողներն ու գործարարները ունեն հասցե, որտեղ կարող են ներկայացնել իրենց  առարկություններն ու պահանջները, և որտեղից կարող են աջակցություն ստանալ:

էկոնոմիկայի նախարարության կառավարումից դուրս է բերվում Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման լիազորությունը և այն փոխանցվում է կապի և տրանսպորտի նախարարությանը: Քննարկվում է նաև, որ ավիացիան էլ տեղափոխվի կապի, տրանսպորտի և տեխնոլոգիաների նախարարություն:

Էկոնոմիկայի նախարարության կառավարման լիազորություններից դուրս է բերեվելու նաև տուրիզմի ոլորտը: Կստեղծվի նոր պետական կոմիտե, որը կկառավարի ոլորտը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության դեպքում անվան մեջ նոր բառի ավելացումը ենթադրում է, որ նախարարության ենթակայության տակ նոր ոլորտ է ներառվում. մասնավորապես, ջրային ռեսուրսների կառավարման լիազորությունը գյուղատնտեսության նախարարությունից անցնելու է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը. «Էլեկտրաէներգիայի, գազի վաճառքի  մեջ հասույթը ավելի շատ է, քան ջրի վաճառքի մեջ, քանի որ այդտեղ բազմաթիվ խնդիրներ կան և պետք է լուծվեն»,- ասաց վարչապետը:

Կստեղծվի նաև ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե: Սրա վերաբերյալ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն իր առարկությունը հնչեցրեց, թե այդ դեպքում մեծ վտանգի տակ կդրվի մշակութային հուշարձանների պահպանությունը: Սակայն ի պատասխան վարչապետն ասաց. «Ես գիտեմ, որ մշակույթի նախարարը դա սխալ է համարում, որովհետև գտնում է, որ մշակույթի նախարարությունը այն ավելի լավ կպահպանի, քան ճարտարապետները, բայց մենք ցանկանում ենք այդ մասնագիտացված ոլորտները միացնել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել