Կառավարության այսօրվա նիստին կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Սրա վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրե ուղղեց Լևոն Մկրտչյանին՝ հասկանալու համար, թե ինչո՞վ է բացատրվում այս փոփոխությունը և ի՞նր դրական արդյունք է ունենալու:
Լևոն Մկրտչյանը հայտնեց, որ հիմնադրամի կարգավիճակ ունենալու առավել մեծ լիազորություններ է տալու բուհին՝ իր ֆինանսական հարցերը կարգավորելու առումով: Եվ որ աշխարհի խոշոր համալսարաններն ունեն հիմնադրամի կարգավիճակ: Ու թեև Կարեն Կարապետյանը դեմ չէր այս նախագծին հավանություն չտալուն, այնուամենայնիվ, անհասկանալի էր մնում դրա հիմնավորումը.
« Ես չեմ ուզում ձեր որոշումը կանգնեցնել, բայց եթե վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանենք: …Եթե մենք ինչ-որ գործողություններ արել ենք իներցիայով և շարունակում ենք, դա հիմնավորում չէ: Ես զգում եմ, որ լավագույն լուծումը չեք տալիս, միգուցե մեկ շաբաթ էլ մտածենք, իսկ հետո լավագույն լուծումը տանք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Լևոն Մկրտչյանը նաև նշեց, որ հոկտեմբերի 1-ին «Բարձրագույն կրթության մասին» օրենքն է դրվելու հրապարակային քննարկման, խնդիրները վեր կհանվեն: Սակայն վարչապետը արձագանքեց, թե եթե հոկտեմբերի 1-ին պիտի քննարկման ներկայացվի, ապա այսօր՝ երբ մնացել են օրեր, ինչու՞ է նախարարի պաշտոնակատարը նման նախագիծ ներկայացնում կառավարությանը:
Նորանշանակ նախարար Վարդան Արամյանն էլ խոսք վերցրեց և հայտնեց, որ սա կարող է էապես բարելավել բուհերի ֆինանսական վիճակը: Այնուհետև վարչապետն ասաց, որ նախագիծը թեև մինչև վերջ բավարար չի համարում, սակայն ընդունված է: