Սեպտեմբերի 22-ի կառավարության նիստին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործադիրի անդամներին ներկայացվելու է երեխայի խնամքի նպաստի տրամադրման կարգում փոփոխություն ենթադրող որոշման նախագիծ:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ ԼՂՀ-ում հաշվառված (գրանցված) գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող անձին խնամքի նպաստ է նշանակվում բացառապես այն դեպքում, երբ ծնողը և երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնողին խնամքի նպաստ չի նշանակվել:
Ընդ որում, սահմանվում է, որ խնամքի արձակուրդում գտնվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու մարմնից ստանում է նպաստ նշանակող մարմինը (այսինքն` քաղաքացին ազատվում է փաստաթուղթ ներկայացնելու պարտավորությունից):
Հաշվի առնելով տեղեկատվությունն ստանալու համար անհրաժեշտ ժամկետները՝ առաջարկվում է սահմանել, որ այս դեպքում որոշումը կայացվում է 30 աշխատանքային օրվա ընթացքում:
Սահմանվում են նաև խնամքի նպաստ նշանակելը մերժելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու առանձնահատկությունները, եթե նպաստը նշանակվել է ԼՂՀ-ի գործատուի մոտ աշխատող անձին:
Որոշումն ընդունվելու դեպքում ԼՂՀ-ի գործատուի մոտ աշխատող՝ ՀՀ-ում հաշվառված անձը կարող է իրականացնել խնամքի նպաստի իր իրավունքը: