ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին, մարզերի, կայազորների դատախազներին, ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրել է դատախազական գործունեության կազմակերպման և իրականացման մեխանիզմների կատարելագործման ուղղությունները:
Գլխավոր դատախազը կարևորել է մինչդատական վարույթում դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու մինչդատական վարույթի արդյունավետության, որակի ապահովումը՝ այս հարցում կարևորելով իրավապահ բոլոր մարմինների՝ հանցավորության դեմ օբյեկտիվ պայքարի արդյունավետությամբ շահագրգիռ, առողջ և հետևողական համագործակցության ապահովումը: Ա. Դավթյանն առանցքային խնդիր է համարել նաև դատախազական գործառույթների իրականացման կանխատեսելիության, միասնականության, դրանով իսկ իրավական որոշակիության ապահովումը:
Գլխավոր դատախազը շեշտել է կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության ջանքերն առավել ակտիվացնելու, ինչպես դատախազության համակարգում, այնպես էլ հասարակական հարաբերությունների այլ ոլորտներում, այդ նպատակով իր զինանոցում եղած ողջ գործիքակազմը օգտագործելու անհրաժեշտությունը:
Դատախազական համակարգի գործունեության առաջնահերթությունների շարքում ընդգծվել է համակարգի աշխատանքի հրապարակայնության, թափանցիկության, օրենքով թույլատրելի առավելագույն մակարդակի ապահովումը: Նիստի ընթացքում քննարկվել է համակարգի աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: