Արթուր Սարգսյանը միայն հաց տանելով չի, որ օժանդակել է զինված խմբին. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՊՊԾ գնդի շենքերն ու տարածքը զավթած զինյալների խմբում ընդգրկված են եղել 31 անձինք: Զինված խմբին օժանդակել են ևս 18 անձինք, ովքեր տարբեր եղանակներով փորձել են շրջանցել իրավապահ մարմինների պատնեշը, միանալ զինված խմբին, ինչպես նաև գնդի տարածքից դուրս տարբեր միջոցներով աջակցել զինված խմբի գործողություններին՝ պատանդներին և զավթված շինությունները պահելուն: Օժանդակողներից Արթուր Սարգսյանին 2016 թվականի հուլիսի 26-ին հաջողվել է ճեղքել ոստիկանական պատնեշը և միանալ զինված խմբի անդամներին:

Այս մասին նշվում է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության մեջ:

Չնայած հանրության մեջ տարածված այն կարծիքին, թե օժանդակող Արթուր Սարգսյանի գործողություններն արտահայտվել են ընդամենը զինյալներին սնունդ հասցնելով, այնուամենայնիվ, կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016թ. հուլիսի 26-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում վերջինս կատարել է ինչպես զավթած տարածքն ու շենքերը,  այնպես էլ պատանդառված բուժ աշխատողներին պահելուն ուղղված ակտիվ գործողություններ:

Մասնավորապես՝ Ա.Սարգսյանը կատարել է տարածք բերված բուժ սարքավորումների, բուժաշխատողների բեռների ստուգում՝ իրավապահների կողմից ենթադրաբար տեղադրված գաղտնալսող սարքերի հայտնաբերման նպատակով, նորոգել է զինյալների կապի միջոցները, բացի այդ, անձամբ զինված իրականացրել է պատանդների պահպանությունը:

Օժանդակողներից 15-ը կալանավորված են: Երեքի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվում են ՊՊԾ գունդը զավթած զինյալների կողմից ոստիկանության 3 ծառայողներին՝ Ա.Վանոյանին, Յու.Տեփանոսյանին, Գ.Մկրտչյանին, ապօրինաբար կյանքից զրկելու հանգամանքները պարզելու, սպանությունները կատարած անձանց բացահայտելու, այդ հանցանքները կատարելու համար վերջիններիս որպես մեղադրյալ ներգրավելու նպատակով բավարար ապացույցների համակցություն ձեռք բերելու ուղղությամբ:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել