«Ժողովրդավարական ոստիկանություն` հավասար իրավունքներ և հնարավորություններ»

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Հարությունյանի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետներ Միա Տոմինենի և Հեդեր Հութանենի հետ տեղի ունեցավ հանդիպում` «Ժողովրդավարական ոստիկանություն` հավասար իրավունքներ և հնարավորություններ» թեմայով:

Վահե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց այցելության համար և պատասխանեց փորձագետների առաջ քաշած հարցերին` ներկայացնելով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության դերն ու նշանակությունը, ծառայողական քննությունների իրականացման ընթացակարգը:

Վ. Հարությունյանը հայտնեց, որ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները սահմանված են «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով: Ոստիկանության ծառայողների կողմից հիշյալ կանոնների խախտումների դեպքերում վերջիններս ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, իսկ կարգապահական կոպիտ խախտումների դեպքերում ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկվում և տույժի տեսակը որոշվում է ոստիկանությունում 2013 թվականից գործող կարգապահական հանձնաժողովի կողմից:

Վահե Հարությունյանը միաժամանակ նշեց, որ Հանձնաժողովի դերը ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շատ է կարևորում, քանի որ ոստիկանությունում նշված հանձնաժողովի առկայությունը վկայում է ոստիկանության թափանցիկ և հրապարակային գործելաոճի մասին: Հանձնաժողովի աշխատանքների համակարգման ու իրականացման պարտականությունը ՀՀ ոստիկանության պետի հրամանով դրվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության վրա: Հիշյալ հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Վ. Հարությունյանը ներկայացրեց ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը, անդամների ընտրության և Հանձնաժողովում գործերի քննության կարգն ու միաժամանակ հայտնեց, որ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված 5 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիսանում են հանձնաժողովի լիիրավ անդամներ:

Վ.Հարությունյանը միաժամանակ հայտնեց, որ ծառայողական քննությունների ընթացքում հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերվելու դեպքում ծառայողական քննությունների նյութերն ուղարկվում են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, իսկ ծառայողական քննության ընթացքը կասեցվում է` մինչև հատուկ քննչական ծառայությունում վերջնական որոշում կայացվելը: Ծառայողական քննությունների լրիվությունն ու ամբողջականությունն ապահովելու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունն ակտիվորեն համագործակցում է ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի և նախաքննական այլ մարմինների հետ:

Վ. Հարությունյանը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետներին հայտնեց նաև, որ բացի ոստիկանության «Թեժ գիծ» ծառայությունից, ոստիկանությունում գործում է նաև «1-02» ծառայությունը: Հիշյալ երկու ծառայություններին քաղաքացիների կատարած յուրաքանչյուր ահազանգ սահմանված կագով քննարկվում է և տրվում համապատասխան ընթացք:

Ամփոփելով հանդիպումը` Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի փորձագետներ Միա Տոմինենն ու Հեդեր Հութանեն բարձր գնահատեցին ժողովրդավարության, իրավակարգի, ոստիկան-քաղաքացի փոխհարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կատարած աշխատանքը, ինչպես նաև` ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի առկայության և դրա կազմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ընդգրկված լինելու փաստը: Միաժամանակ իրենց գոհունակությունն արտահայտեցին այն կապակցությամբ, որ Երևանն իրենց մոտ թողել է անվտանգ, բարեկարգ և ապահով քաղաքի տպավորություն:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել