Նոր դասընթաց. «Փախստականների իրավունք» թեմայով

Արդարադատության ակադեմիան՝ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության (ՄԱԿ ՓԳՀ) աջակցությամբ մշակել է հեռաուսուցման նոր դասընթաց, որը նվիրված է փախստականների իրավունքին: Դասընթացը նախատեսված է ՀՀ վարչական դատարանի դատավորների համար: Դասընթացի մեկնարկը սեպտեմբերի 15-ին է, ընդհանուր տևողությունը՝ 10 շաբաթ: Փախստականների միջազգային իրավունքին նվիրված հեռաուսուցման փաթեթն ու անհրաժեշտ բոլոր մեդիա նյութերը հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում՝  justiceacadamy.am հասցեով: Բացի այդ՝ Արդարադատության ակադեմիան մշակել է նաև էլեկտրոնային ուսուցման պլատֆորմ «Փախստականների իրավունք» դասընթացը էլեկտրոնային ուսուցման ձևաչափով մատուցելու համար:

Հեռաուսուցման նոր դասընթացը բարձր գնահատականի է արժանացել գործընկեր կազմակերպությունների կողմից: Օրերս ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպել էր սեմինար-քննարկում իր գործընկեր կառույցների հետ, որի ընթացքում Ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը ներկայացրել է

«Փախստականների իրավունք» հեռաուսուցման դասընթացը, մասնավորապես՝ այդ դասընթացի ինքնուրույն ուսուցման համար նախատեսված ակադեմիայի կայքի էլեկտրոնային էջը (justiceacademy.am) և նորաստեղծ էլեկտրոնային պլատֆորմը (elearn.justiceacademy.am), որի միջոցով իրականացվելու է այդ դասընթացի էլեկտրոնային ուսուցումը:
Էլեկտրոնային էջը բաց է բոլոր հետաքրքրվողների համար, իսկ էլեկտրոնային պլատֆորմը՝ միայն գրանցված օգտատերերի համար:

«Փախստականների իրավունք» դասընթացի կարևորությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին աշխարհում նկատվում է փախստականների թվի աճ, ինչն էական ազդեցություն է ունեցել և ունի Հայաստանի Հանրապետության վրա, որը բնակչության մեկ շնչի հաշվով փախստականների և տեղահանված անձանց թվով առաջատարներից է Եվրոպայում։ Հանգամանք, որը հրատապ է դարձնում փախստականների իրավունքի առանցքային հասկացությունների, սկզբունքների և ընթացակարգերի լավ իմացությունն ու դրա հիման վրա համապատասխան քայլերի իրագործումը:

Իրավաբանnet

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել