Նախկինում 10 անգամ դատապարտված լինելով՝ նոր հանցագործություն է իրականացրել:
Ըստ մեղադրական եզրակացության, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2015 թվականի որոշմամբ՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված լինելով, Համլետ Ղազարյանը շարունակել է իր հանցավոր գործունեությունը:
Նա ԼՂՀ ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներին ներկայացել է ՀՀ ՊՆ և ԼՂՀ պաշտպանության բանակի սպաների տվյալներով: Նրանց որդիների հետագա ժամկետային զինվորական ծառայությունը ՀՀ տարածքում տեղակայված զորամասերում կազմակերպելու դիմաց, Համլետ Ղազարյանը վերջիներից իբրև օրինական պետական մուծում հափշտակել է ընդհանուր առմամբ 645.000 ՀՀ դրամ գումար:
Գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ:
Իսկ ամբաստանյալի համար որպես խափանման միջոց է ընտրվել կալանավուրումը:
Նշենք, որ նախկինում Ղազարյանը դատապարտվել էր տարբեր եղանակներով հափշտակություն կատարելու համար և խարդախություն կատարելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: