Համբուրվող զույգի աղջկան նմանացնելով իր կնոջը, երիտասարդը կորցրել է ինքնատիրապետումն ու հարվածել համբուրվողին:
Գործը դատավոր Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Անտոնյանը սույն թվականի հուլիսի 16-ին իր կնոջ աշխատանքի վայրի մոտ` Ռուբինյանց փողոցի վրա գտնվող առևտրի կենտրոններից մեկիի դիմաց հանդիպել է նույն առևտրի կենտրոնի աշխատակցին, ով այդ պահին համբուրելիս է եղել ընկերուհուն:
Անտոնյանը տուժողի ընկերուհուն սխալմամբ նմանեցրել է իր կնոջը և խանդի տեսարան սարքելով` ձեռքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է տղայի ծնոտին: Հարվածը վերջինիս առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Ամբաստանյալի համար որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: