Տեղի է ունեցել լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով նիստը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստին մասնակցում էին  աշխատանքային խմբի անդամները, նախարարության համապատասխան վարչությունների մասնագետներ, շահագրգիռ կառույցների  ներկայացուցիչներ։   Հրավիրված  էին  նաև  «ՋիՋի» և «Մոբի» առցանց տաքսի ծառայություն մատուցող  կազմակերպությունների ղեկավարները, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։
Նախորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ լիցենզիաների տրամադրման գործընթացը պարզեցնելու վերաբերյալ ներկայացվեցին բազմաթիվ առաջարկներ։
Առաջարկություններով հանդես եկան «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը, «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը    և այլք։
Առաջարկությունները հիմնականում վերաբերում էին տաքսի ծառայությունների մատուցման որակին, անվտանգությանը, մատչելիությանը, հավասար դաշտում աշխատելու հնարավորություններին և այլն։
Քննարկման ընթացքում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը պատասխանեց նաև ներկաների կողմից առաջ քաշված մի շարք հարցերի, իսկ  տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանը ներկայացրեց տեխնիկական զննության լիցենզավորման բնագավառում ՀՀ կառավարությանը ներկայացված առաջարկությունները։
Ամփոփելով քննարկումը՝ աշխատանքային խմբի ղեկավար, նախարարության  լիցենզավորման գործակալության պետ Աշոտ Սահակյանը նշեց, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա 15-օրյա ժամկետում կուսումնասիրվի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին կներկայացվի տրանսպորտի և կապի ոլորտում լիցենզիաներ տրամադրելու չափանիշներն  ու պայմանները  վերանայելու և հստակեցնելու, ոլորտի օրենսդրական պահանջները հնարավորին կրճատելու և գործող մեխանիզմները պարզեցնելու վերաբերյալ առաջարկությունները:
Ա. Սահակյանն ընդգծեց, որ  նախարարության մասնագետները  պատրաստ են մինչև սեպտեմբերի 27-ը  յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունել աշխատանքային խմբի անդամներին՝ ներկայացված առաջարկությունները մանրամասնելու և քննարկելու համար։
Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել