Այսօր կառավարությունը հավանություն տվեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի կողմից ներկայացված որոշման նախագիծը, համաձայն որի՝ Արմեն Վարդանյանը ժամանակավորապես ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
Նախարարը ներկայացրեց, որ վերջինս սովորում է Փենսիլվանիայի համալսարանում: Որոշման նախագծում նշվում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 924-Ա որոշման 4-րդ կետում «2016 թվականի գարնանային զորակոչը» բառերը փոխարինել «2017 թվականի ամառային զորակոչը» բառերով:
Ընդունել ի գիտություն, որ Արմեն Վարդանյանը ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն, որի համաձայն պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստանի Հանրապետություն և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում: