ՀՀ վերաքննիչ դատարում քննվում է առանձնապես ծանր, դաժան հանցագործության վերաբերյալ գործ։ Դեպքը տեղի է ունեցել Լոռու մարզում։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Արթուր Ղավալյանը 2014 թ-ի սեպտեմբերի 18-ին, ժամը 20:30-ից մինչև 22:30-ն ընկած ժամանակահատվածում հարբած վիճակում, իր սեռական կարիքները բավարարելու համար, միայնակ մուտք է գործել Լոռու մարզի Գուգարք գյուղի 2-րդ առանձնատներից մեկը և փորձել սեռական հարաբերություն ունենալ գրեթե իր մոր տարիքին, առողջական խնդիրներ ունեցող կնոջ հետ, ով իր ընկերներից մեկի հորաքույրն էր:
Ամբաստանյալը նրա կամքին հակառակ բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողությոններ է կատարել նրա նկատմամբ։ Այնուհետև իր արարքը թաքցնելու նպատակով կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել կնոջ դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջաններին և սպանել նրան:
Խոհանոցից վերցրել է 2 դանակ և փորձել է դիմել փախուստի:
Սակայն այդ ընթացքում տուն է վերադարձել կնոջ եղբորորդին՝ Ղավալյանի ընկերը։
Դռան դիմաց տղամարդու կոշիկներ տեսնելով՝ տղան կարծել է, թե իրենց տուն գող է մտել, կանչել է իր ընկերոջը և հարևանությամբ բնակվող հորեղբոր կնոջը:
Տան աստիճանների մոտ պատուհանից նայել է ներս և հեռուստացույցի լույսի տակ ճանաչել ընկերոջը՝ Արթուր Ղավալյանին:
Ամբաստանյալը հանդիպելով սպանվածի եղբորորդուն և իր ընկերոջը, ամեն գնով փախչելու համար, կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է ընկերոջը` նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Երիտասարդն էլ իր ձեռքի ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է Ղավալյանին: Սակայն Արթուրը կարողացել է փախչել:
Արթուր Ղավալյանին երկու դրվագով էլ մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ Ղավալյանին գյուղում «ռուս» անունն են տվել, քանի որ Վանաձորում ծնված Արթուրը 2-3 տարեկան հասակում ծնողների հետ տեղափոխվել է ՌԴ, որտեղ բնակվել են Ստավրոպոլի երկրամասի Ստարոմաևկա գյուղում: Նույն գյուղում հաճախել է դպրոց և ստացել 9-ամյա կրթություն:
2010 թ-ին մոր հետ վերադարձել է Հայաստան` բանակում ծառայելու համար, ծառայել է ԼՂՀ-ում: Ծառայությունից հետո մնացել է Հայաստանում և բնակվել է մորաքրոջ և նրա ամուսնու հետ Լոռու մարզի Գուգարք գյուղում:
Այնտեղ ծանոթացել է սպանվածի եղբորորդու հետ, ընկերություն արել նրա հետ, մի քանի անգամ որպես ընկեր եղել նրանց բնակարանում: Ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ խնդիրներ չի ունեցել:
Ամբաստանյալը նաև աշխատել է որպես ավտոլվացող:
Համալիր դատահոգեբուժական, դատահոգեբանական, դատանարկոլոգիական փորձաքննության եզրակացության համաձայն` Արթուր Ղավալյանը հոգեկան հիվանդությամբ և տկարամտությամբ չի տառապել և չի տառապում, այլ նրա մոտ հայտնաբերվել է ասթենևրոտիկ վիճակ:
Իրավախախտումը կատարելիս չի գտնվել հոգեկան գործունեության որևէ ժամանակավոր հիվանդագին խանգարված վիճակում, որը կարող էր զրկել նրան իր գործողությունների վտանգավորությունը գիտակցելու, դրանք ղեկավարելու հնարավորությունից, այլ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:
Ամբաստանյալը մեղսունակ է ճանաչվել:
Ըստ Ղավալյանի՝ ինքը չի հասկացել, թե ի՞նչ է անում, նախորդ օրն աշխատանքի վայրում ընկերների հետ ընդմիջման ժամին օղի է խմել, «ուղեղն անջատված է եղել», այլապես չէր անի նման բան:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արթուր Ղավալյանին մեղավոր է ճանաչվել, և պատիժ նշանակել ազատազրկում 20 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Արթուր Ղավալյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել և օգտվելով իր դատավարական կարգավիճակից հրաժարվել է ցուցմունք տալ:
Դատավճիռը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: