Ի՞նչ մեղադրանք է առաջադրվել 7-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդին

Հուլիսի 4-ին վրաերթի հետևանքով մահացավ 7-ամյա Արմեն Խանփերյանը: Այսօր Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ նրա հայրը ձերբակալվել է՝ երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վանիկ Սարգսյանին դանակահարելու համար:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ վրաերթի գործն արդեն ուղարկվել է դատարան և քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Վանիկ Սարգսյանը  այս տարվա հուլիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, ալկոհոլի գործածման հետևանքով գտնվելով ոչ սթափ վիճակում (վարորդի սթափության վիճակի զննության թիվ 125 արձանագրության՝ 0,65 մգ), վարել է «ՎԱԶ-2104» մակնիշի  ավտոմեքենան: Քրոջ ամուսնու՝ Հարություն Իգիթխանյանի հետ իրենց շենքի բակից գնացել են դեպի Հրագդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկի ուղղությամբ:

Հասնելով «ՎԵՎ» սուպերմարկետի դիմացի խաչմերուկ, ճանապարհի խաչմերուկային հատված մուտք գործելով թույլ է տվել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի, 24 հոդվածի 7-րդ մասի և ՃԵԿ-ի 65 և 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ՝ դեպի ձախ շրջադարձի կատարումն իրականացրել է ավտոմեքենայի ընթացքի այնպիսի արագությամբ, որի պայմաններում զրկված է եղել ավտոմեքենայի կառավարումն ապահովելու և տվյալ շրջադարձն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասի սահմաններում անվտանգ կատարելու տեխնիկական հնարավորությունից և ավտոմեքենան ընթանալով դեպի աջ, երթևեկելի մասի սահմաններից դուրս է եկել ճանապարհի աջ կողմում առկա մայթի վրա, վրաերթի ենթարկել մայթով քայլող հետիոտն, անչափահաս 11.06.2009թ. ծնված Արմեն Գագիկի Խանփերյանին:

Այնուհետև հարվածել է «ՎԵՎ» սուպերմարկետի աստիճանահարթակին, ապա՝ մսի վաճառքի շինությանը, ինքն իրեն զրկելով ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, ինչի հետևանքով էլ Արմեն Խանփերյանը գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարմամբ պայմանավորված գանգուղեղային բաց, բութ վնասվածք ստանալով՝ տեղում մահացել է:

Վանիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրան սպառնում է պատժիժ ազատազրում՝ առավելագույնը 5 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Վանիկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է գրավը: Որպես իրեղեն ապացույց առգրավված է նրա վարորդական իրավունքի վկայականը և կցված է քրեական գործին:

Այս գործով դատական առաջին նիստը նշանակված է վաղը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել