Առողջապահության նախարարությունը սեպտեմեբրի 1-ին ընդառաջ օգտակար խորհուրդներ է տալիս՝ ուսումնական հաստատության աշխատակիցներին և ծնողներին:
Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր՝ երեխայի աճի և զարգացման համար: Երեխայի օրգանիզմի զարգացման համար կարևորագույն դեր ունեն դպրոցական կահույքն ու պարագաները. հիմնականում՝ դպրոցական պայուսակը, կոշիկը, սենյակի լուսավորությունը, օդափոխությունը և այլն:
Կարևոր է դպրոցականների տանը և դպրոցում նստարանի առջև ոչ ճիշտ դիրքով նստեցումը, ինչի պատճառը հաճախ լինում է տարիքին և դպրոցականների հասակին նստարանների չափսերի անհամապատասխանությունը: Աշակերտական նստարանը պետք է լինի հարմար՝ գործառնական չափերով այն պետք է համապատասխանի երեխայի տարիքին բնորոշ անթրոպոմետրիկ ցուցանիշներին: Ուսումնական պարապմունքների ժամանակ պետք է ապահովել երեխայի մարմնի ճիշտ դիրքը նստած վիճակում՝ ինչը ապահովում է ծանրության հավասարաչափ բաշխումը ողնաշարի վրա: Առողջության պահպանման և ճիշտ կեցվածքի ձևավորման նպատակով անհրաժեշտ է հանրակրթական հաստատություններում ուսուցման առաջին իսկ օրվանից սովորողներին դաստիարակել և ձևավորել ճիշտ աշխատանքային դիրք աշակերտական նստարանի մոտ: Բացի այդ սովորողներին պետք է ցույց տալ ոչ ճիշտ նստելու դեպքում կեցվածքի շեղումները ցուցադրող աղյուսակներ:
Գրելիս և կարդալիս աշակերտի ճիշտ դիրքի պահանջներն են՝
1) գլխի թեթևակի հակում դեպի առաջ, էջից աչքերի 35-40սմ հեռավորություն,
2) սեղանին հենված նախաբազուկներ, սեղանից իրանի 3-5սմ հեռավորություն,
3) ոտնաթաթերը հենված հատակին կամ նստարանի հորիզոնական պայտին,
4) ոտքերը ծալված ծնկային և կոնքազդրային հոդում ուղիղ անկյան տակ,
5) ազդրի 3/4-ը պետք է գտնվի նստատեղի վրա,
6) ողնաշարը գոտկային մասով պետք է հենվի նստարանի թիկնակին:
Այս դիրքը կոչվում է ուղիղ նստեցում, որը հիգիենիկ առումով աշակերտի համար ամենից ճիշտն է և ամենահարմարը:
Դպրոցական միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությունն աճող օրգանիզմի վրա կարող է հանգեցնել հենաշարժիչ համակարգի (կեցվածքի) ֆունկցիոնալ շեղումների՝ ողնաշարի սկոլիոզների, լորդոզների և կիֆոզների: Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի: Կարևոր է մշտական շարժողական ակտիվությունը` ներառյալ մարմնամարզությունը՝ մարմնի ուղղաձիգ դիրքում պահող մկանների վարժեցումը նպաստում է ճիշտ կեցվածքի զարգացմանը։
Շատ կարևոր է ճիշտ պայուսակի ընտրությունը. խորհուրդ է տրվում օգտագործել ուսապայուսակներ, և ոչ փափուկ ուսապարկեր՝ հատկապես ցածր դասարաններում: Տարրական դասարաններում սովորող երեխաների համար դպրոցական պայուսակի քաշը պետք է լինի ոչ ավելի, քան 600-700 գրամ: Դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը: Անհրաժեշտ է դպրոցական պայուսակը կրել այնպես, որպեսզի ծանրությունը հավասարաչափ բաշխվի մարմնի վրա: Եթե պայուսակը ձեռքին են կրում, ապա չի կարելի այն անընդհատ նույն ձեռքով բռնել:
Երեխաների առողջության համար կարևոր է ձեռքերի և մաշկի հիգիենան: Հիգիենայի պահպանումը կարող է զերծ պահել մի շարք վարակիչ հիվանդություններից: