300 ոստիկանի կասկածում են թմրանյութերի առևտրով զբաղվելու մեջ

Ինչպես գրում է ABC News-ը՝ Ֆիլիպինների ոստիկանապետ Ռոնալդ Դելա Ռոսան Սենատի նիստի ժամանակ հայտարարել է, որ 300 ոստիկան կասկածվում են թմրանյութերի առևտրով զբաղվելու մեջ և նախազգուշացրել, որ մեղավոր ճանաչվելու դեպքում նրանք կհեռացվեն համակարգից և կկանգնեն դատարանի առաջ: Ոստիկնանները մեղադրվում են շուրջկալների ժամանակ առգրավված թմրանյութերի վաճառքի, ինչպես նաև թմրանյութի առևտրով զբաղվող խմբավորումներին աջակցելու մեջ:

Ոստիկանապետը նաև տեղեկացրել է, որ առնվազն 1900 մարդ է սպանվել նախագահ Ռոդրիգո Դուտերտեի կողմից՝ թմրամոլության դեմ մեկնարկած արշավի ընթացքում: Դուտերտեի պաշտոնը ստանձնելուց ի վեր երկրում օրական սպանվել է 35 մարդ, ովքեր կասկածվել են թմրանյութերի հետ որևէ առնչություն ունենալու մեջ, իսկ առնվազն 700.000 թմրամոլներ և թմրանյութերի առևտրով զբաղվողներ ինքնակամ հանձնվել են ոստիկանությանը՝ բռնություններից խուսափելու համար:

Ինչպես հայտնի է Դուտերտեն նախագահի պաշտոնը ստանձնելիս խոստացել է երկրում արմատախիլ անել թմրամոլությունը: Սակայն ընդդիմադիր սենատոր Լեյլա դե Լիման հետաքննություն է սկսել՝ պահանջելով ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից բացատրություն ներկայացնել մահացածների թվի աննախադեպ աճի առնչությամբ:

Ֆիլիպինների դաշնակից ԱՄՆ-ն իր խորին մտահոգությունն է արտահայտել երկրում իրականացվող սպանդի առնչությամբ, իսկ Պետական դեպարտամանտը կոչ է արել Դուտերտեյի ղեկավարած կառավարությանը պահպանել մարդու իրավունքների նորմերը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը

Իրավաբան․.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել