ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 18.08.2016թ. նիստում ընդունվել է «Հայաստանի հանրապետության կառավարության 2012թ. դեկտեմբերի N 1691-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով կատարվել են հետևյալ հստակեցումները.
- սոցփաթեթի շահառուի սոցփաթեթի միջոցները կանխիկացնելու իրավունքի կասեցում` պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցնելու դեպքում, ինչպես նաև նախատեսվում է նախորդ տարվա (տարիների) ընթացքում պարտադիր կանխարգելիչ բուժզննությունը չանցած և աշխատանքից ազատված անձանց սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն,
- սոցփաթեթից օգտվելու համար` զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների համար պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու մասին տեղեկանքին փոխարինող` բանկ ներկայացվող միասնական տեղեկանքի ձևի և դրա տրամադրամն կարգի սահմանում,
- Որոշման N 1 հավելվածով հաստատված՝ սոցիալական փաթեթի հատկացման կարգում (այսուհետ՝ Կարգ) հստակեցվել է սոցիալական փաթեթի սահմանաչափը ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատողների համար,
- Հստակեցվել է համատեղությամբ աշխատողների սոցիալական փաթեթի շահառու դառնալու նախապայմանը` սահմանելով, որ հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին՝ նորմալ աշխատաժամանակի առնվազն 50 տոկոսի չափով ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում անձը կարող է օգտվել սոցփաթեթից:
Նախագծով սահմանվում է, որ Կարգով նախատեսված դեպքերում շահառուն կամ համապատասխան անձը կարող է կանխիկացնել սոցփաթեթի հաշվում առկա ազատ դրամական միջոցները:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների իրավական լուծումները: