Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ Է. Մանուկյանի դռնբաց դատական նիստում կայացավ թիվ ՇԴ/0120/01/12 քրեական գործով դատաքննությունն ըստ մեղադրանքի` Հմայակ Մակարյանի, ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հմայակ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 25-ին, ժ 23.10-ի սահմաններում Արթիկ քաղաքի «Միլենա» ռեստորանում, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մատուցողուհի Հ. Ասոյանի հետ: Փողոցում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանները դիտողություն են արել և պահանջել են դադարեցնել վիճաբանությունը, սակայն Հմայակ Մակարյանը չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, բռնություն է գործադրել նրանցից` Շիրակի մարզի Ոստիկանության Արթիկի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի ոստիկան` Կարեն Սուքիասյանի նկատմամբ` հարվածել, քաշքշել, դատարկ շիշը շպրտել նրանց ուղղությամբ: Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Գործով կասկածյալ` Հմայակ Մակարյանը ձերբակալվել է և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել` կալանավորումը:
Սույն քրեական գործով դատարանում մեղադրանքը պաշտպանում էր Շիրակի մարզի դատախազի տեղակալ` Անդրանիկ Պապիկյանը: Գործով փաստաբան ներգրավված էր Հանրային պաշտպան` Արամայիս Հայրապետյանը հանդես եկավ իր պաշտպանական ճառով:
Դատախազն իր ճառում նշեց ամբաստանյալի մեղավորությունը հաստատող հանգամանքները և դատարանին միջնորդեց նշանակել պատիժ 1 տարի 6 ամիս ժամանակով: Փաստաբանն իր ճառում նշեց, որ ամբաստանյան իր խնամքին ունի 2 անչափահաս երեխա և հաշմանդամ ծնողներ, երբևէ արատավորված չի եղել և բնութագրվում է դրական: Փաստաբանը դատարանին միջնորդեց ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակել, քանի որ վերջինս զղջացել է և ներողություն խնդրել տուժողից: Փաստաբանը, մեջբերելով պատժի նպատակները, նշեց, որ դատաքննության հրապարակայնությունը արդեն իսկ կանխում է նմանատիպ հանցագործությունների կատարումը, քանզի դատաքննությանը ներկա յուրաքանչյուր ոք հասկացավ, որ չի կարելի պետության ներկայացուցչի վրա ձեռք բարձրացնել, որի համար օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվություն, ուստի խնդրեց, որ իր պաշտպանյալին դատարանը որպես պատժի տեսակ ընտրի տուգանքը: Ամբաստանյալն իր վերջին խոսքում զղջաց և ներողություն խնդրեց տուժողից:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալը միջնորդեց կիրառել արագացված դատաքննություն և հանրային պաշտպանը դատարանին միջնորդեց ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1 հոդվածի դրույթներով կիրառել դատական քննության արագացված կարգ:
Դատարանը, բավարարելով փաստաբանի միջնորդությունը, որոշեց կիրառել արագացված կարգով դատական քննություն:
ՀՀ քրեական դատավարության ընթացակարգի խստիվ պահպանմամբ` նախագահող դատավորը վճռեց` ամբաստանյալ Հմայակ Մակարյանին հանցավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և ազատազրկման դատապարտեց 1 տարի ժամանակով:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր- Գևորգյան
Աղբյուրը` Իրավաբան.net