Ինչո՞ւ է դադարեցվել դեղերի առաքումը

Ներկայիս գործող  իրավական ակտերով  դեղերի առաքումը կարգավորված չէ: Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեցին Առողջապահության նախարարությունից:

Մինչ այս քաղաքացիները հնարավորություն էին ունենում առաքման եղանակով դեղատներից ստանալ դեղորայք, սա արդյունավետ էր հատկապես գիշերային ժամերին, սակայն ներկայումս այն չի գործում. «Իհարկե, որոշ ժամանակ այդ ծառայությունը  չի իրականացվի, սակայն առանց կարգավորման և անհրաժեշտ պայմանների և սարքերի առաքումը հղի է վտանգներով»,- ասվում է առողջապահության նախարարության պաշտոնական պատասխանում, որը մեզ փոխանցեց ՀՀ առողջապահության նախարարի մամլո քարտուղար Անահիտ Հայթայանը:

Ըստ գերատեսչության վերլուծությունների՝ մեր հանրապետությունում դեղերի առաքումը հաճախ իրականացվել է ոչ պատշաճ` վտանգելով դրանց որակը, անվտանգությունը և արդյունավետությունը. «Ուստի առողջապահության նախարարությունն առաջարկել է դադարեցնել դեղերի առաքումը մինչև հարցի իրավական կարգավորումը։ Այդ իսկ նպատակառումով «Դեղերի մասին» նոր օրենքի` 25-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը կարող են իրականացնել դեղերի առաքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջներին համապատասխան` հատուկ պայմանների և սարքերի առկայության դեպքում: «Դեղերի մասին» նոր օրենքը  ուժի մեջ կմտնի սույն թվականի դեկտեմբերի 16-ին»,- նշում են գերատեսչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել