Մեկնարկում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում ՀՀ երրորդ գործողությունների ծրագիրը

Այսօր կառավարությունը հավանություն է տվել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության երրորդ գործողությունների ծրագրին: Ըստ հիմնավորման՝ 2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկությունը և վստահությունը: Համաձայն ԲԿԳ Հայաստանյան ժամանակացույցի՝ 2016թ. հունիսին սահմանված է ավարտել երկրորդ գործողությունների ծրագիրը և հաստատել 3-րդ գործողությունների ծրագիրը՝ նախատեսված 2016-2018թթ. համար: Ի շարունակություն և ի կատարումն ԲԿԳ շրջանակում ստանձնած պարտավորությունների՝ 2016թ. հունվարից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան երրորդ գործողությունների ծրագրի նախագծի մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ երկու Գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկությունները: Նախագիծը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց` արտասահման գործուղումների թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների բաց ֆորմատով հասանելիության ապահովումը, լիցենզիաների միասնական շտեմարանի ստեղծումը, զինկոմիսարիատներում մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների սպասարկման մշակույթի ներդրումը և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել