Պետք է բարձրացվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հասցեականությունն ու արդյունավետությունը. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հուլիսի 6-ին քննարկվել են ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների հասցեականության բարձրացման խնդիրները:

Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով քննարկման թեման, նշել է, որ այն սոցիալական պաշտպանության ոլորտի կարևորագույն ծրագրերից մեկն է: «1999թ. ներդրված համակարգը պետք է ավելի կատարելագործվի, պետք է բարձրացվի համակարգի հասցեականությունն ու արդյունավետությունը և համապատասխանեցվի ներկայիս սոցիալ-տնտեսական իրողություններին»,- նշել է նախարարը և հավելել, որ Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում ստեղծվել է օղակ, որն այսուհետ զբաղվելու է տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտությունների վերլուծությամբ և ուսումնասիրությամբ:

Նախարարը նաև անդրադարձել է վերջին տարիներին նպաստների համակարգում կատարված բանաձևերի, գործակիցների փոփոխություններին և վստահություն հայտնել, որ այդ խնդիրները համալիր լուծման արդյունքում ցանկալի արդյունք կտան:

Հանդիպման ընթացքում Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ներկայացրել է «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ իրականացրած «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրի գնահատման զեկույցը, որի նպատակը պետական բյուջետային ծրագրերի իրազեկվածության մակարդակի բարձրացումն է և համագործակցությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, ներկայացվել է Հայաստանում աղքատության և առողջապահական պատկերը, նպաստառուների կենցաղային պայմանները, եկամուտներն ու ծախսերը, ներկայացվել են նաև առաջարկություններ:

Նախարար Արտեմ Ասատրյանը գնահատելով կատարված հետազոտությունը` նշել է, որ բարձրացված խնդիրների հիմնական մասին նախարարությունը թեև ծանոթ է, սակայն անկախ գնահատումը ևս օգտակար կլինի համակարգի հետագա փոփոխությունների համար:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են սոցիալական աջակցության ծրագրերի տրամադրման գործընթացի ներդաշնակեցման հարցերը, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ընտանիքների անապահովության վիճակագրական գնահատման բաժնի կողմից կատարված աշխատանքները:

Քննարկվել են «բացակա» և «հարգելի բացակա» անդամ ունեցող ընտանիքների ուսումնասիրությունների արդյունքները և ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Ամփոփելով քննարկումը՝ նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մասնակցության և կատարված աշխատանքների համար և հանձնարարել տասնօրյա ժամկետում բարձրացված հարցերը և հնչած առաջարկությունները ի մի բերել և նախանշել առաջիկա անելիքները:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաներ, Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ինստիուտի, «Օքսֆամ» հայաստանյան մասնաճյուղի և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել