Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ովքեր Երևան են ժամանել մասնակցելու ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում անցկացվելիք արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նիստի աշխատանքը, որը նպատակաուղղված է ՀԱՊԿ գործունեության կարևոր բաղադրիչներից մեկի՝ Կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքականության համակարգման արդյունավետության բարձրացմանը: Նշելով, որ մինչև այս, Երևանում կայացել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, որոնցում քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում խաղաղության և կայունության ապահովման մեխանիզմների կատարելագործման, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում Կազմակերպության անդամ պետությունների ջանքերի կոորդինացման, Արագ արձագանքման հավաքական ուժերի հակաահաբեկչական ներուժի ամրապնդման ուղղությամբ համատեղ ջանքերը, ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ արտգործնախարարների նիստը ևս կանցկացվի կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում հավանության կարժանանա նաև մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարությունը:
Նախագահ Սարգսյանը կարևորել է միջազգային հարթակներում ՀԱՊԿ անդամ երկրների կողմից փոխադարձ կենսական շահերի հաշվի առնման սկզբունքային պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ Նախագահին զեկուցել է արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերի և Հայաստանի նախագահության շրջանակներում ՀԱՊԿ առաջիկա ծրագրերի ու միջոցառումների մասին:
Հանրապետության Նախագահը հաջողություններ է մաղթել նախարարների խորհրդի երևանյան նիստի աշխատանքին:
Իրավաբան.net