Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ պետք է կայանար դատական նիստ ԼԴ/0155/01/12 համարի գործով: Գործով քննվում էին 3 մեղադրյալներ` Էդվարդ Բադալյանը, Հրաչյա Հովսեփյանը, Դավիթ Բաղրամյանը:
Էդվարդ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թ. աշնանը Լոռու մարզի Արջուտ գյուղի իր տանը հարակից ձորակում վայրի աճած կանեփ ցեղի խոտաբույսերի թփերից քաղել է տերևներ, սերմեր ու ցողուններ, որոնք տեղափոխել, չորացրել և որպես թմրամիջոց պատրաստելու բաղադրիչներ՝ պահել է իր տան նկուղային հարկի արհեստանոցում։
Այնուհետև, էդվարդ Բադալյանը իր ընկերներ Հրաչյա Հովսեփյանին և Դավիթ Բաղրամյանին 2012 թ. մարտի 1-ին ժամը 17-ի սահմաններում հրավիրել է իր տուն, ապա թմրամիջոց պատրաստելու, այն վերջիններիս հյուրասիրելու նպատակով հյուրասենյակի վառարանի վրա հիշյալ կանեփ ցեղի խոտաբույսի բադադրիչները եռացրել է կաթով լի կաթսայի մեջ ու այդպիսով ենթարկելով ջերմային ազդեցության վերջիններիս՝ իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել և պահել է առանձնապես խոշոր չափերով 13,01 գրամ չոր քաշով “հաշիշի յուղ” տեսակի թմրամիջոց պարունակող 345 մլ ծավալով հեղուկ, որը նույն օրը նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցների կողմից։
Դավիթ Բաղրամյանին և Հրաչյա Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012 թ. մարտի 1-ին ժամը 17-ի սահմաններում հյուրընկալվել են իրենց ընկեր էդվարդ Բադալյանի տանը, որտեղ վերջինս թմրամիջոց պատրաստելու և յուրաքանչյուրին հավասարապես խոշոր չափերի թմրամիջոց հյուրասիրելու նպատակով՝ հյուրասենյակի վառարանի վրա կանեփ խոտաբույսի տերևների, սերմերի ու ցողունների խառնուրդը եռացրել է կաթով կաթսայի մեջ ու այդպիսով ենթարկելով ջերմային ազդեցության՝ տնայնագործական եղանակով ապօրինի պատրաստել և պահել է առանձնապես խոշոր չափերով 13,01 գրամ չոր քաշով “հաշիշի յուղ” տեսակի թմրամիջոց պարունակող 345մլ ծավալով հեղուկ։
Դատական նիստի ժամանակ հարցաքննվեցին մեղադրյալներ Դավիթ Բաղրամյանը և Հրաչյա Հովսեփյանը, որոնք ներկայացրեցին, որ տեղյակ չեն եղել թմրամիջոցի մասին, այդ մասին ոչ մի խոսակցություն չի եղել իրենց մեջ:
Աշխատանքային օրը վերջանալու կապակցությամբ դատական նիստը հետաձգվեց: Դավիթ Բաղրամյանի պաշտպան փաստաբան Վ.Ավագյանը միջնորդություն ներկայացրեց հաջորդ դատական նիստի ժամանակ ներգրավել նախկինում հարցաքննված ընթերակա Մ. Պողոսյանին: Առարկություններ չեղան, միջնորդությունը բավարարվեց:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 11-ին, ժամը 12:00-ին:
Հանրային թղթակից Մարիամ Մուրադյան
Աղբյուրը` Իրավաբան.նեթ