Ո՞ւմ մտքով կանցներ, որ թաղապետարաններում տեխնիկական զննման կեղծ կտրոններ կվաճառեն, ասում է «ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, նրա մտքով երբեք այդ մասին չի անցել:
Նա վարորդներին խորհուրդ է տալիս տեխզննման կտրոնները վերցնել բանկերից, վստահեցրեց, որ վարորդները հերթերի մեջ չեն ընկնի:
Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ բանկերում անհասկանալի իրավիճակ է ստեղծվում ամեն տարվա դեկտեմբեր ամսին. «Ամանորին նախորդող օրերին անհասկանալի պատճառով կտրոնները հանկարծ վերջանում են: Մարդիկ բանկից-բանկ են գնում, ոչ մի կտրոն չի լինում, սակայն պարզվում է, որ վարչական շրջաններում կտրոններ կան»:
Նա նաև հիշեցրեց վարորդներին, որ Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:
Հիշեցնենք, որ սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանսպորտային միջոց վարելը, ինչպես նաև տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Կտրոն պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` վարորդի կողմից առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում, բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ:
Շեշտենք նաև, որ ներկայումս Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը վարորդներին հնարավորություն է ընձեռնում օնլայն հայտ լրացնել ու ստանալ տրանսպորտային միջոցների տեխ. զննման կտրոնը: Այս համակարգը բավականին արդյունավետ է, քանի որ քաղաքացիներին զերծ է պահում տարաբնույթ քաշքշուկներից:
Հիշեցնենք նաև, որ նախորդ ամիս ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել էր կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք: Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական կորուստներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները համայնքների վարչական շենքերում վարձակալած սենյակներից, ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից և հորդորում է սահմանված կարգով դրանք ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից:
Իրավաբան.net