ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ոստիկանության ծառայողներ Գոռ Տերզիկյանը և Պետրոս Քյուրտյանը ծառայողական գործունեության ընթացքում դիտավորությամբ կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրանց պաշտոնեական լիազորությունների շրջանակից:
Մասնավորապես՝ հասարակական կարգի ապահովման, ինչպես նաև հնարավոր հանցագործությունների կատարումը կանխելու նպատակով ստուգայցեր կատարելու ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներ Գ. Տերզիկյանը և Պ. Քյուրտյանը 2015թ. ապրիլի 21-ը` 03:00-ի սահմաններում, մտել են Երևան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբ, և լսել գոռգոռոցի ձայներ: Հնարավոր վիճաբանությունը կանխելու նպատակով ոստիկանները մոտեցել են հաճախորդ Տիգրան Պ.-ին, նրա եղբայր Դավիթ Պ.-ին և խնդրել են դուրս գալ գիշերային ակումբից, սակայն վերջիններս, չեն ենթարկվել Գ. Տերզիկյանի և Պ. Քյուրտյանի օրինական պահանջներին ու դիմադրություն են ցույց տվել:
Ստեղծված իրավիճակից ելնելով` Գ. Տերզիկյանը դեպքի վայր է կանչել ոստիկանության այլ ծառայողների, ովքեր ձեռնամուխ են եղել գիշերային ակումբի հաճախորդներ Տիգրան Պ.-ին, Դավիթ Պ.-ին և նրանց ընկերներին ոստիկանության բաժին բերման ենթարկելուն:
Բերման ենթարկելու ընթացքում Գ. Տերզիկյանն ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ Տիգրան Պ.-ի ու նրա ընկեր Սերգեյ Զ.-ի նկատմամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ` ռետինե մահակով հարվածել է նախ Տիգրան Պ.-ին, ապա` Սերգեյ Զ.-ին, իսկ Տիգրան Պ.-ին վնասազերծելուց հետո, դեպի ոստիկանական ավտոմեքենան ուղեկցելու ընթացքում, շարունակել է ռետինե մահակով հարվածներ հասցնել վերջինիս:
Նույն ժամանակահատվածում ոստիկանության մյուս ծառայող Պ. Քյուրտյանը ևս ծառայողական գործունեության ընթացքում ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ Տիգրան Պ.-ի նկատմամբ կատարել է բռնության գործադրմամբ զուգորդված գործողություններ՝ ձեռքով հարվածներ է հասցրել վերջինիս, իսկ վնասազերծելուց հետո, դեպի ոստիկանական ավտոմեքենան ուղեկցելու ընթացքում, շարունակել է հարվածներ հասցնել նրան: Արդյունքում՝ Տիգրան Պ.-ն և Սերգեյ Զ.-ն ստացել են մարմնական վնասվածքներ:
Բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար ՀՀ ոստիկանության ծառայողներ Գոռ Տերզիկյանին և Պետրոս Քյուրտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: