Դատական գործ. Հակոբ և Վաղարշակ Աբաջյանները հարվածելու և ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել` սպանել են Յուրիկ Սրաբյանին

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քննեց քրեական գործն ըստ մեղադրանքի Վաղարշակ Աբաջյանի և Հակոբ Աբաջյանի:

.
Վաղարշակ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծանոթ Ալվարդ Աբրահամյանին բարեխիղճ մոլորության մեջ գցելու եղանակով վերջինիս հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու նպատակով, կեղծ խոստումներով Ալվարդ Աբրահամյանին, իսկ նրա միջոցով նաև վերջինիս մտերիմներ Արմենուհի Ստեփանյանին, Վարդիշաղ Եղիազարյանին և Ազգանուշ Սրապյանին խաբելով հայտնել է, թե իբր նրանց համար կարող է շուկայական գներից ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևան քաղաքում: Վաղարշակ Աբաջյանը, վերջիններիս վստահությունը չարաշահելով, Ալվարդ Աբրահամյանի միջոցով 2011թ. ամռանը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ստացել և Ազգանուշ Սրապյանից խարդախությամբ հափշտակել է 5000 ԱՄՆ դոլար, Արմենուհի Ստեփանյանից` 12.000 ԱՄՆ դոլար, իսկ Վարդիշաղ Եղիազարյանից` 10000 ԱՄՆ դոլար գումար` ընդհանուր առմամբ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի` 9.936.000 ՀՀ դրամին համարժեք 27.000 ԱՄՆ դոլար գումար:

.

Հակոբ Աբաջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հոր` Վաղարշակ Աբաջյանի կողմից 2011թ. ամռանն Ալվարդ Աբրահամյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանցից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակությունը` խարդախությունը թաքցնելու, միաժամանակ շահադիտական դրդումներով հափշտակած գումարն անարգել տնօրինելու նպատակով կատարված խարդախության մասին կասկածներ ունեցող Ալվարդ Աբրահամյանին և նրա ամուսնուն` Յուրիկ Սրաբյանին առևանգելու, սպանության համար նպաստավոր վայր տեղափոխելու և նրանց սպանելու համար նախնական համաձայնության է եկել Վաղարշակ Աբաջյանի հետ, որից հետո օգոստոսի 31-ին ժամը 15-ի սահմաններում, Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները Յուրիկ Սրաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով խաբեությամբ` Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Երևան քաղաքի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, իրենց պատկանող առանձնատան բակից «Մերսեդես» մակնիշի, 11 ՍՕ 138 համարանիշի ավտոմեքենայով Յուրիկ Սրաբյանին առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք: Նշված շինությունում Հակոբ և Վաղարշակ Աբաջյանները հարվածելու և ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել` սպանել են Յուրիկ Սրաբյանին, որից հետո Հակոբ Աբաջյանը, ստուգելով և համոզվելով, որ Յուրիկ Սրաբյանն սպանված է, Վաղարշակ Աբաջյանի հետ Յուրիկ Սրաբյանի դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

.
Դատական նիստին ներկայացել էին մեղադրող դատախազները, ամբաստանյալները, սակայն չներկայացան ամբաստանյալների պաշտպանները:

.
Պաշտպան Ռուբեն Ռշտունին դատարանին ներկայացրել էր գրություն` ըստ որի խնդրել էր հարգելի համարել իր բացակայությունը, քանի որ չէր ներկայացել առողջական վիճակի պատճառով:

.
Դատարանը, ամբաստանյալներից հստակեցնելով առանց փաստաբանների գործը քննելու և փաստաբանին փոխարինելու աննպատակահարմարությունը, հետաձգեց դատական նիստը:
Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, ժամը 11:30-ին:

.

Սերինե Խաչատրյան

.

Հանրային թղթակից

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել