Մինչ անցած շաբաթվա վերջին Նյու Յորքի բնակիչները տոնում էին ռեստորաններում կիրակի օրերին կեսօրից առաջ ալկոհոլ մատուցելն արգելող օրենքը ուժը կորցրած ճանաչելը, քաղաքի օրենսգրքում դեռևս ամրագրված են մի շարք անհեթեթ և ծիծաղաշարժ օրենքներ, որոնց մասին բնակիչներն անգամ տեղյակ չեն և հավանաբար ամեն օր խախտում են դրանք: Ի ուրախություն օրինախախտների, ոստիկաններից շատերը նույնպես անտեղյակ են այդ անհեթեթ օրենքներին: Այս մասին տեղեկացնում է New York Post-ը:
Ըստ սոցիոլոգ Դեյվիդ Ջ. Հանսոնի նմանատիպ օրենքները սկիզբ են առնում դեռևս 1700-ականներից: Օրենքները կրոնական նպատակներ են հետապնդել, մասնաորպես ընդունվել են եկեղեցիներ հաճախումները խրախուսելու համար և ընդգրկել են վարվելակերպի բոլոր տեսակները: Մարդու իրավունքների պաշտպան Ռոն Քյուբին նշել է, որ հենց նմանատիպ կանոնները վերածվում են օրենքի, նրանք սովորաբար շատ երկար են մնում օրենսգրքում, քանզի շատ դժվար է դրանցից հրաժարվելը: Նա Նյու Յորքի քրեական օրենսգիրքը անվանում է «հնագույն ժամանակների պահոց» նշելով, որ այն «աղտոտում են» մի շարք օրենքներ, որոնք այսօր կհամարվեին հակասահմանադրական:
Ահա և նմանատիպ ծիծաղաշարժ օրենքներից մի քանիսը.
Անօրինական է ինչ-որ մեկի դեմքին գնդակով հարվածելը հաճույքի համար:
Չի կարելի վաճառել շան կամ կատվի մազեր:
Սիրախաղը կարող է հանգեցնել 25 դոլար տուգանքի:
Լվացքի պարանից հագուստ կախելու համար քաղաքացին պարտավոր է արտոնագիր գնել:
Չի կարելի նկարվել վագրերի հետ:
Օրենքը արգելում է տան պատուհանից տիկնիկային ներկայացում ցույց տալ:
Կիրակի օրերին չի կարելի դրսում պաղպաղակ ուտել:
Օրենքը արգելում է երկու կամ ավելի դիմակավորված անձանց հավաքվել հանրային վայրերում:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը
Լուսանկարը՝ New York Post-ի