Այսօր Երևան քաղաքի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ պետք է տեղի ունենար նախկինում դատված, դատվածությունը չմարված Կարինե Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Կարինե Հարությունյանը մեղադրվում է նրանում, որ ներկայանալով ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակից` զինծառայությունից ազատելու համար կաշառք ստանալու պատրվակով մարտի 22-ից մինչև մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածը խաբեությամբ վերցրել է գումար ու հափշտակել` Ջասմ Ավդալյանին և Իշխան Մուրադովին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս: Սակայն դատական նիստին չէին ներկայացել մեղադրյալը (նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին), տուժողներից Իշխան Մուրադովը և գործով վկաներից: Դատավորը նիստը հետաձգեց և հանձնարարեց ևս մեկ անգամ կողմերին դատարան ներկայանալու համար ծանուցագիր ուղարկել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին, ժամը 12:30-ին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net